Եթե Երևանը ընտրի ամերիկյան անվտանգության երաշխիքները, կհիասթափվի․ ՌԴ ԱԽ

Ռուսաստանը որևէ պատրանք չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս կուրսի վերաբերյալ․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Մենք որևէ պատրանք չունենք Հայաստանի իշխանությունների ներկայիս կուրսի վերաբերյալ և ելնում ենք արդեն ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից», – նշել է նա։

Սալյուկովը հիշեցրել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև 2025 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթում նշվում է, որ «Եվրատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը համատեղ առաջնահերթություն է», և կողմերը «ծրագրում են ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված փոխգործունակության բարձրացմանը»։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը բացատրել է, որ «սա նշանակում է քաղաքական հանձնառություն ՆԱՏՕ-ի չափանիշներին»։

Այնուամենայնիվ, 2025 թվականի խարտիայով ենթադրվող ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը կարող է չեղյալ հայտարարվել կամ կասեցվել ԱՄՆ նախագահի կամ նույնիսկ պետքարտուղարի որոշմամբ», – զգուշացրել է Սալյուկովը։ Նա հիշեցրել է, որ «հենց դա էլ տեղի ունեցավ 2024 թվականին Վրաստանի հետ, որի հետ նմանատիպ խարտիա էր ստորագրվել 2009-ին»։

«Մենք բոլորս լավ ենք հիշում նաև, թե ինչպես ավարտվեցին ամերիկյան երաշխիքները Աֆղանստանում», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը։
«Եթե Երևանը ընտրի ամերիկյան անվտանգության երաշխիքները, ապա այն անպայման կբախվի հնարավոր հիասթափության», – նշել է նա։

Սալյուկովը հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի իրավասության տակ անցնելու հետ կապված իրադարձությունները մեծ մասամբ 2018 թվականի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Հայաստանի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության հետևանք էին»։ «Այնուամենայնիվ, այս իրադարձությունների արդյունքները Հայաստանի ղեկավարության կողմից օգտագործվել են ոչ թե որպես սխալները շտկելու խթան, այլ որպես պատրվակ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության անարդյունավետության և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության մասին հրապարակային հայտարարությունների համար, ինչը, մեր կարծիքով, լիովին անհիմն է և ոչ հեռատես», – ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունն «ԱՊՀ տարածքի ձևավորումից և ՀԱՊԿ կառույցների ստեղծումից հետո իրականացվել է ռազմական և տնտեսական համատեղ անվտանգության սկզբունքով՝ բոլոր ոլորտներում, զինված ուժերի զարգացման միասնական չափանիշներով՝ներառյալ զինվորական անձնակազմի պատրաստումը»։

Սալյուկովը նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների տարբերությունը կծածկեն հայ հարկատուները։

«ՆԱՏՕ-ի երկրները 2025 թվականի իրենց համատեղ պաշտպանական բյուջեի վրա ծախսել են 1 տրիլիոն, 626 միլիարդ, 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի 3,304,000 զորքերի թվաքանակով մեկ զինծառայողի տարեկան ծախսերը կազմել են մոտավորապես 493,000 դոլար։ Նույն տարվա՝ 2025 թվականի Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 1 միլիարդ, 713 միլիոն դոլար»։ Նա ընդգծել է, որ «65,000 զինված ուժերի թվաքանակով մեկ զինծառայողի տարեկան ծախսերը կազմել են 26,000 դոլար, ինչը 19 անգամ պակաս է»։

«Եվ այս տարբերությունը պետք է ծածկեն հայ հարկատուները», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Նրա կարծիքով՝ «Զինված ուժերը եվրաատլանտյան չափանիշներին անցնելու համար ձեռնարկվող միջոցառումների և այդ ուղղությամբ որոշակի քայլերի ու գործողությունների ցուցադրման վերաբերյալ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ներկայումս հիմնականում հռչակագրային և քաղաքական բնույթի են»։ «ՀՀ զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը կպահանջի զգալի բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ ապագայով», – նշել է Սալյուկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *