Ապատեղեկատվությունը պիտակավորվում է․ Մակնշում ԱԲ-ով գեներացված կոնտենտին

Այսուհետ տեսալսողական մեդիածառայություն
մատուցողները կպարտավորվեն արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով
ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով։

Երեկ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ
ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական
մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մակնշումը օրենքի իմպերատիվ պահանջ
է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով
գեներացված նյութը իրական բովանդակությունից։ Սահմանված պահանջների խախտման դեպքում
հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի
չափով։

«Խոսքի ազատության պաշտպանության
կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը հրատապ
է, որովհետև ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ երկրները լուրջ մտածում
են այն մասին, թե տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված այդ նոր գործիքներն ինչպես
կօգտագործվեն լրատվական դաշտում, որքանով դա կարող է  օգտագործվել որպես բարիք և որքանով ի չարս կօգտագործվի։

 «Եվ այս առումով իհարկե կարգավորումները շատ կարևոր
են, և շատ երկրներ արդեն իսկ կիրառել են այդպիսի փոփոխություններ և՛ տեսալսողական մեդիայի
կարգավորող օրենքներում, և՛ առհասարակ մամուլը  կարգավորող օրենքներում։ Այնպես որ, սա սպասվող և
կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություն է։ Ես ծանոթացել եմ, իհարկե
որոշ հղկումների կարիք կա՝ զուտ ձևակերպումների առումով, բայց ընդհանուր առմամբ գաղափարը
ճիշտ է և պետք է»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ լրագրողական
կազմակերպություններն իրենց էթիկայի վարքականոններում այդպիսի փոփոխության և արդեն
իսկ այդ մակնշման անհրաժեշտությունը ներառել են էթիկական նորմերի ու սկզբունքների մեջ,
և այստեղ իշխանությունների ու փորձագիտական շրջանակների մոտեցումը համընկնում է։ Աշոտ
Մելիքյանն այս փոփոխությանն ավելի լայն է մոտենում և կարծում է, որ սա կարող է հանդիսանալ
քայլերից մեկը՝ առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարում։

Ներկայացված նախագիծը դեռևս չի
առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության
կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լավ
կլիներ այս գաղափարը քննարկելիս իշխանությունը խորհրդակցեր և քննարկումներ անցկացներ
մասնավորապես լրագրողական կազմակերպությունների հետ։ Նախարարությունն այս հարցում իրենց
հետ որևէ քննարկում չի անցկացրել, և փոփոխություններից իրենք տեղյակ չեն եղել։

«Համենայնդեպս, եթե այդպիսի քննարկում
լիներ բուն գաղափարի շուրջ, ես, օրինակ, կառաջարկեի, որ այդ փոփոխությունը կիրառվեր
ոչ միայն տեսալսողական մեդիայի մասին օրենքում, այլև ԶԼՄ մասին օրենքում, այսինքն՝
ոլորտը կարգավորող գլխավոր օրենքում»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

Ի հավելումն նա ասաց, որ սա պետք
է դիտարկել ոչ թե խոսքի ազատության սահմանափակման տեսակետից, այլ՝ ապատեղեկատվության
դեմ պայքարի, լսարանի հետ ազնիվ խաղի կանոններ հաստատելու, որովհետև մարդը պետք է իմանա,
թե ինչ է ինքը դիտում։ Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ  շատ հաճախ նույնիսկ մասնագետի համար է դժվար լինում
միանգամից հայտնաբերել և նշել, թե որ գործիքով են օգտվել այդ կոնտենտը ստեղծելիս։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *