Ի՞նչ կնշանակի ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման արգելքը եվրոպական երկրների համար

ԵՄ-ն խորացրել է էներգետիկ կապերն ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ ձգտելով նվազեցնել աշխարհաքաղաքական ցնցումներից իր կախվածությունը։ Այնուամենայնիվ, դիզելային վառելիքի արտահանումը սահմանափակելու ԱՄՆ ծրագրերը ցույց են տալիս, թե որքան արագ կարող է առևտրային կախվածությունը վերածվել ռազմավարական խոցելիության. գրում է Euronews-ը:

ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման արգելքը պարտադիր չէ, որ միանգամից դատարկ թողնի Եվրոպայի լցակայանները, սակայն այն կարող է բարձրացնել գները՝ ստիպելով եվրոպական կառավարություններին դիմել արտակարգ միջամտության հերթական փուլին հենց այն ժամանակ, երբ տնային տնտեսությունները, ֆերմերներն ու բեռնափոխադրողներն արդեն զգում են էներգետիկ ճգնաժամի հետևանքները։

Վաշինգտոնի կողմից վառելիքի պաշարները երկրի ներսում պահելու հեռանկարը հատկապես անհանգստացնող է Բրյուսելի համար, որն ընդունել է միության կախվածությունն ամերիկյան դիզելային վառելիքից՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո։

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ խնդիրը քննարկվում է ԵՄ երկրների և ոլորտի ներկայացուցիչների հետ։ Միությունն արդեն իսկ բախվում է վառելիքի դեֆիցիտի, քանի որ Մերձավոր Արևելքից մատակարարումները խաթարվել են, իսկ Ռուսաստանը սահմանափակել է դիզելային վառելիքի արտահանումը։

Տարեսկզբից ի վեր Եվրոպայում դիզելային վառելիքի գները կրկնակի աճել են և սեպտեմբերի կեսին, նախորդ տարվա համեմատ, եղել են մոտ 38%-ով բարձր: Ռուսական մատակարարումների դադարեցումից հետո ԵՄ-ն շատ ավելի մեծ կախվածություն է ձեռք բերել ամերիկյան դիզելային վառելիքից։ Այս տարի ԱՄՆ-ն ապահովել է ԵՄ-ի կողմից միության սահմաններից դուրս իրականացվող դիզելային վառելիքի ներկրման (օրական մոտ 580․000 բարել) զգալի մասը՝ օրական շուրջ 180․000 բարել (կամ մոտ 32%-ը), մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 17%։

Այդ կախվածությունն առավել ակնառու է Հյուսիսարևմտյան Եվրոպայում, որտեղ ԱՄՆ-ից մատակարարումները կազմում են տարածաշրջանից դուրս իրականացվող ընդհանուր ներկրման (օրական 350․000 բարել) շուրջ 200․000 բարելը, ինչը կազմում է մոտ 57%՝ նախորդ տարվա 37%-ի համեմատ։

Նման կենտրոնացումը նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից արտահանման մասնակի արգելքը կարող է զգալի ազդեցություն ունենալ գների վրա։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ից մատակարարումների 30%-ի կրճատումը պարտադիր չէ, որ հանգեցնի Եվրոպայում դիզվառելիքի գների 30%-ով կամ համապատասխան չափով բարձրացմանը։ Գնորդները ստիպված կլինեն ակտիվորեն մրցակցել փոխարինող ծավալների ձեռքբերման համար, ինչը կարող է հանգեցնել գների կտրուկ աճի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *