Հայկական ակնաբուժության նախագծի 66-րդ բժշկական առաքելությունն այս տարի համախմբել է տասնյակ ակնաբույժների, օպտոմետրիստների և ոլորտի հետազոտողների Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Իսրայելի առաջատար կենտրոններից։ Մեկշաբաթյա ծրագիրը ներառում է մասնագիտական քննարկումներ մայրաքաղաքի և մարզային կենտրոնների բժիշկների հետ, բարդ վիրահատություններ, վարպետության դասեր և գործնական աշխատանքներ WetLab-ում։
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած լավագույն ակնաբույժներն ու Հայկական ակնաբուժության նախագծի թիմն արդեն 66-րդ անգամ միավորել են ջանքերը վերադարձնելու մարդկանց տեսողությունն ու ժպիտը։
Միջազգային փորձի փոխանակումը և արտերկրից ժամանած գործընկերների աջակցությունը կարևոր են, բայց հայկական ակնաբուժությունն այսօր ինքնին լուրջ ձեռքբերումներ ունի՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովհաննիսյանը։
«Իրականում հայկական ակնաբուժությունը շատ բարձր մակարդակի վրա է, և կան ակնաբուժության մեջ ճյուղեր, որտեղ Հայաստանն առաջատար է աշխարհում և առաջ է տանում ոլորտի զարգացումը»։
Բացի մայրաքաղաքից՝ Հայկական ակնաբուժության նախագիծը գործում է նաև մարզերում։ Ինչպես նշում է նախագծի փոխնախագահ Ջոն Հովհաննիսյանը, սա լայն գործակցություն է.
«Սա համագործակցություն է, որն իրականացվում է նաև մարզերում։ Հանրապետության 16 կետերում ստեղծել ենք ակնաբուժական կենտրոններ ու կլինիկաներ, որոնց շնորհիվ որակյալ ծառայություններ ենք մատուցում մարզային բնակչությանը։ Այս ամենի կողքին մենք ունենք նաև շրջիկ հիվանդանոց, որը շրջում է ամբողջ հանրապետության տարածքով և ակնաբուժական ծառայություններ մատուցում»։
Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս միջազգային և տեղական փորձը բերելու մեկ հարթակ, քննարկելու ոլորտի իրական խնդիրները և միասին մտածելու դրանց լուծումների մասին, համոզված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանը․
«Առողջապահական համակարգն արագ է փոխվում՝ նոր տեխնոլոգիաներ, թվայնացում, արհեստական բանականություն և նոր բուժական մեթոդներ։ Դրանք մեզ տալիս են մեծ հնարավորություններ, բայց միաժամանակ պահանջում են շատ ինտենսիվ ու շարունակական մասնագիտական զարգացում և պատրաստակամություն փոփոխությունների նկատմամբ»։
Քենսինգտոնի առողջապահության հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Կարմեն Բալյանն ասում է, որ անցած տարի է միացել Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը․
«Այս առաքելությունների շրջանակում Հայաստան այցելելով՝ հասկացա, որ այստեղ մեծ հետաքրքրություն կա երիտասարդ բժիշկների, ինչպես նաև օրդինատորների ու ուսանողների շրջանում՝ հետազոտություններ իրականացնելու բնագավառում։ Եվ ես փորձում եմ իմ այցելությունների ընթացքում հանդես գալ տարբեր դասախոսություններով ու ինտերակտիվ քննարկումներով, ներկայացնել իմ՝ որպես հետազոտողի փորձը և այն կարևոր հմտությունները, որոնք օգտակար կլինեն երիտասարդներին՝ սեփական հետազոտական աշխատանքը սկսելու համար»։
Առաքելության շրջանակում Հայաստան են եկել նաև ուսանողներ։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նրանք խոսեցին իրենց տպավորությունների մասին․
— Մենք այցելել ենք Մալայան բժշկական կենտրոն, եղել ենք նաև մարզային կենտրոններում ու դիագնոստիկ կենտրոններում՝ Եղվարդում, Սպիտակում, Գյումրիում և Արտաշատում: Ծանոթացել ենք տեղացիների և բժիշկների հետ: Սա հիանալի փորձ էր մեզանից յուրաքանչյուրի համար։
— Շատ կուզեի՝ տարին գոնե երկու անգամ գայի, և նման հնարավորություններ էլի լինեին։ Ինձ դուր է գալիս այս ամենը՝ հիվանդանոցները, բժիշկները, լեկցիանները, որոնք մենք լսում ենք, և բժիշկների հետ աշխատելը։
Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն ասում է, որ իրենց ծրագրերով՝ բազմաթիվ հիվանդներ են հետազոտվել և բուժվել, կատարվել են բարդ վիրահատություններ․
«Եթե չեմ սխալվում, իրականացվել է 5 վերապատրաստում, և Գյումրիում կատարվել է 2 վիրահատություն, բայց բոլոր վիրահատություններն առանձնահատուկ են իրենց բարդությամբ։ Այինքն՝ այստեղ միգուցե և այնքան նշանակություն չունի քանակը, որքան փորձի փոխանակումը, որն անհրաժեշտ է մեր ակնաբույժներին»։
Բժշկական հագեցած շաբաթը, ավանդույթի համաձայն, կամփոփվի Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 24-րդ միջազգային համաժողովով, որտեղ հայ և ամերիկացի մասնագետները կքննարկեն ակնաբուժության արդի ուղղությունները, հանդես կգան զեկուցումներով։