Թուրքիայի ներսում լուրջ քաղաքական զարգացումներ կան, առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել․ Աբրահամ Գասպարյան

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված դասախոսություն-քննարկում էր «Հայ–թուրքական հարաբերություններ․ ի՞նչ է պետք իմանալ այսօր» թեմայով։

Բանախոսների թվում էին քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն ու արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նմանատիպ քննարկումներ Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը պարբերաբար կազմակերպել է և առաջիկայում կփորձի դրանք դարձնել ավելի ինտերակտիվ՝ ներգրավելով մասնագետների, որոնք երկար ճանապարհ են անցել հայկական պետականաշինության ընթացքում. նշեց ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ դասախոսություն-քննարկման նպատակն է ներկայացնել ոչ միայն ներքին, այլև արտաքին և անվտանգային խնդիրների ամբողջ գունապնակը։

«Այսօր աշխարհում ամենաակտուալ թեմաներից մեկը Թուրքիայի դերակատարության փոփոխությունն է, և կարևոր է այդ թեմային անդրադառնալ տարբեր դիտանկյուններից՝ դուրս գալով ավանդական, միջին վիճակագրական մոտեցումներից։ Թուրքիայի մասին վերլուծություններ անելիս անհրաժեշտ է զերծ մնալ էմոցիոնալ գնահատականներից և փորձել տալ իրատեսական գնահատականներ․ դա ենթադրում է հասկանալ իրական Թուրքիան և նրա դերակատարությունը փոփոխվող աշխարհում։ Շատ կարևոր է նաև ներսի հայացքը՝ հասկանալու համար, թե ինչ են մտածում թուրքական փորձագիտական կենտրոնները, ինչպես են գնահատում երկրի դերակատարության փոփոխությունը, և ինչ գործընթացներ են տեղի ունենում ներքաղաքական կյանքում, հատկապես՝ 2023 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Եթե անդրադառնանք վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներին, ապա պետք է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից․ այդ ընթացքում Թուրքիան փորձեց դիրքավորվել որպես չեզոք կողմ, սակայն փաստացի դարձավ ակտիվ խաղացող՝ գործածելով իր տնտեսական և դիվանագիտական հնարավորությունները։ Թուրքիան փորձեց հանդես գալ որպես միջնորդ, և ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների մի շարք փուլեր անցկացվեցին Ստամբուլում և Անկարայում։ Այս քաղաքականությունը թույլ տվեց Թուրքիային բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և ուժեղացնել դիրքերը Վաշինգտոնի հետ հարաբերություններում»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Միևնույն ժամանակ Անկարան, ըստ նրա, փորձեց հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ պահպանելով տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում։ 2023 թվականին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ Արցախի հայաթափումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խոսույթի ակտիվացումը նոր հնարավորություններ ստեղծեցին Թուրքիայի համար։

«Անկարան ձգտում է դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ էներգետիկ և տնտեսական հանգույց, որտեղ կհատվեն հիմնական հաղորդակցային ուղիները՝ Չինաստանից մինչև Եվրոպա»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է շահել գլոբալ առևտրի վերաձևավորման գործընթացներից՝ առաջարկելով ցամաքային ուղիներ, որոնք կարող են կրճատել բեռնափոխադրումների ժամանակը և մեծացնել տնտեսական արդյունավետությունը։

«Թուրքիայի ներսում նկատվում են լուրջ քաղաքական զարգացումներ։ Առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել երկրի համար։ Քաղաքական դաշտում ակտիվացել են մի շարք ազդեցիկ գործիչներ, որոնց մեծ մասը կապված է անվտանգության և հետախուզական համակարգերի հետ, ինչը վկայում է, որ առաջիկայում քաղաքական պայքարը կլինի առավել սրված։ Թուրքիան բախվում է նաև տնտեսական խնդիրների, ներքաղաքական լարվածության և սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների։ Չնայած արտաքին հռետորաբանությանը՝ Թուրքիան շարունակում է պահպանել գործնական հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իսրայելի հետ»,- ընդգծեց Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրենը։

Եզրափակելով՝ Աբրահամ Գասպարյանն ասաց, որ Թուրքիան այսօր փորձում է պահպանել հավասարակշռությունը տարբեր ուժային կենտրոնների միջև և առավելագույն օգուտ քաղել գլոբալ փոփոխություններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *