Ռուսաստանի իշխանությունները, հետխորհրդային տարածքում գործող հանցավոր ցանցերի միջոցով, 20 միլիոն դոլարի պարգևավճար են առաջարկել տեղեկատվության համար, որը կօգնի հայտնաբերելու Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդիին: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են ստորաբաժանման ներկայացուցիչները:
Բրովդին պարբերականին պատմել է, որ անօդաչու զորքերին բաժին է ընկնում վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաճակատում ռուսական բոլոր կորուստների մոտ մեկ երրորդը: Նրա խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր իր ստորաբաժանումները կորցրել են 79 մարտիկ, իսկ յուրաքանչյուր զոհվածի դիմաց վիրավորել կամ սպանել են 656 ռուս զինվորականի:
Ռոբերտ Բրովդին ծագումով հունգարացի է`Ուժգորոդի բնակիչ։ Պատերազմից առաջ նա զբաղվել է հացահատիկի բիզնեսով, իսկ ռուսական բանակի ներխուժումից հետո կամավոր գնացել է պատերազմ։ 2022 թվականի մայիսին Բրովդին ստեղծել է «Մադյարի թռչուններ» օդային հետախուզության ստորաբաժանումը, որը ժամանակի ընթացքում վերաճել է 414-րդ առանձին անօդաչու համակարգերի բրիգադի։ 2025 թվականին Բրովդին գլխավորել է անօդաչու համակարգերի ուժերը։
Ռուսաստանում Մադյարին հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 46 հանցագործության համար, այդ թվում՝ «ահաբեկչական հարձակումների, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան և զգալի գույքային վնասի»։