Մտահոգիչ են ոչ միայն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում ներկայացված փաստերը, այլև իշխանության որդեգրած մոտեցումները, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությանն ընտրական գործընթացներին. այս մասին այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը:
«Այստեղ խնդիրը ոչ միայն զեկույցն է, այլև իշխանության որդեգրած մոտեցումները, հատկապես քաղաքական գործիչների մասնակցությամբ, այն անձանց, որոնք քաղաքական ուժերի կազմում են և մասնակցում են ընտրական պայքարին։ Դրանք մտահոգիչ են», -ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մտահոգության առարկա պետք է լինի նաև իշխանության քաղաքական գործելակերպը, որը, իր գնահատմամբ, նահանջ է եվրոպական արժեքներից և չափանիշներից։
«Մտահոգություն պետք է ունենանք ոչ թե զեկույցի առնչությամբ, այլ այն բանի, որ իշխանությունը, իր քաղաքական գործելակերպով, նահանջել է եվրոպական արժեքներից, եվրոպական ստանդարտներից, նույն անկախ դատական համակարգի ձևավորման հանձնառությունից, քաղաքական բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից»,- նշեց պատգամավորը։
Հարությունյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնառություն ունի շարունակելու եվրոպական ինտեգրման գործընթացին, եվրոպական չափանիշների և գործիքակազմի ներդրմանն ու անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքը։
«Ինչպես գիտեք, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը ևս «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ է նախագահում՝ հանձինս ինձ։ Հետևաբար՝ մենք նաև հանձնառություն ունենք եվրոպական ինտեգրման գործընթացի շարունակականությունն ապահովելու, եվրոպական ստանդարտների և գործիքակազմի ներդրման, անկախ դատական համակարգի ձևավորման ուղղությամբ»,-ասաց նա։
Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ է ապահովել նաև համապատասխան ֆինանսավորման շարունակականությունը։
«Հետևաբար՝ այդ մտահոգությունը, այո՛, մենք էլ ունենք, բայց ամեն ինչ պետք է անենք, որ այդ մասով ֆինանսավորումից չզրկվենք», -ասաց ԱԺ պատգամավորը։