Ռուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա


Հարեվաններ


Ռուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա։ Քաղաքում հնչել են մի քանի հզոր պայթյուններ, իսկ օդային տագնապը հայտարարվել է նախ հրթիռային վտանգի, ապա անօդաչու սարքերի գրոհի պատճառով։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Սոլոմենսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի բակում, նաև հարված է հասցվել ենթակառուցվածքային օբյեկտի վարչական շենքին, և հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության մասնաշենքերից մեկում։ Պեչերսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ ոչ բնակելի շենքում։ Կիևի մարզի Բուչանսկի շրջանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, երկու մարդ հոսպիտալացվել է։

Կիևն ինտենսիվ օդային հարձակումների է ենթարկվում ողջ անցած շաբաթվա ընթացքում։ Նախորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ռուսական անօդաչուները նաև գրոհել էին մայրաքաղաքի կենտրոնը՝ վնասելով Գիտությունների ազգային ակադեմիայի շենքն ու բժշկական կենտրոնը։ Սեպտեմբերի 28-ի կեսգիշերից հետո քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, կա 26 վիրավոր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *