ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի թուլացած ավիացիոն ոլորտը մղում են դեպի ավելի խոր մեկուսացում՝ միջազգային ուղևորափոխադրումները դարձնելով ավելի քիչ կանխատեսելի և նոր ռիսկեր ստեղծելով առևտրի ու բեռնափոխադրումների համար․ գրել է Deutsche Welle-ն։
Սեպտեմբերի սկզբին «տնտեսական մեկուսացման գործողության» (operation economic outcast) շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թիրախավորել է Իրանի ավիացիոն ոլորտն, այդ թվում՝ իրանական ավիաընկերությունները և այն ընկերությունները, որոնք ապահովում են վերգետնյա սպասարկում, տոմսերի վաճառք կամ օդանավակայանային աջակցություն. վերջիններս կարող են ենթարկվել երկրորդային պատժամիջոցների և հնարավոր է՝ կորցնեն ԱՄՆ ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունը։
Միացյալ Նահանգները չի կարող ուղղակիորեն հրահանգել օտարերկրյա օդանավակայաններին, որ մերժեմ իրանական օդանավերի ընդունումը։ Սակայն երկրորդային պատժամիջոցների սպառնալիքը կարող է դրանց սպասարկումը չափազանց ռիսկային դարձնել օդանավակայանների, վառելիք մատակարարողների և ավիացիոն ընկերությունների համար։
Թեհրանի համար ավիացիոն ոլորտի պատժամիջոցները Վաշինգտոնի կողմից իրականացվող ճնշումների ավելի լայն արշավի հերթական բաղադրիչն են՝ բանկային գործունեության, նավագնացության, ապահովագրության և առևտրի ոլորտներում սահմանափակումների կողքին։
Վաշինգտոնը պնդում է, որ իրանական ավիաընկերությունները ծառայել են ոչ միայն քաղաքացիական ուղևորներին, այլև ռազմական և անվտանգության ոլորտի կառույցներին։
Արտասահմանյան ավիաընկերությունները վերջին միջոցառումներից առաջ արդեն կտրուկ կրճատել էին դեպի Իրան ծառայությունները։
Շատ ուղևորներ ապավինում էին իրանական ավիափոխադրողներին՝ Ստամբուլ, Մասկատ, Բաղդադ կամ Երևան տարածաշրջանային կենտրոններ հասնելու համար, ապա շարունակում էին իրենց թռիչքներն արտասահմանյան ավիաընկերություններով։
Եթե այդ կապերը վերանան, Իրանի միջազգային ավիացիոն ցանցը կարող է ավելի ու ավելի կրճատվել։
Այս փոփոխությունը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ Իրանը բախվում է ծովում սահմանափակումների։ Հորմուզի նեղուցի շուրջ խափանումներն, ապահովագրության և բեռնափոխադրման բարձր ծախսերը և հարավային նավահանգիստների վրա ճնշումն արդեն դժվարացրել էին ներմուծումն ու արտահանումը։
Եթե ծովային առևտուրը թանկանա, իսկ օդային կապերը նույնպես կրճատվեն, Իրանն ավելի ու ավելի կախված կդառնա ցամաքային սահմաններից և հարևան պետությունների միջով անցնող անուղղակի երթուղիներից։
Իրանի չվերթները դեպի Բաղդադ և Մասկատ կասեցվել կամ չեղարկվել են, մինչդեռ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես դադարեցրել են իրանական ավիափոխադրողների կողմից իրականացվող չվերթների ընդունումը: Իրանական տուրիստական գործակալություններից մեկը անվտանգության նկատառումներից ելնելով անանուն կերպով DW-ին հայտնել է, որ Օման, Իրաք, Ադրբեջան և Վրաստան ուղղությունները լրջորեն խափանվել են։
Սեպտեմբերի 24-ին Թուրքմենստանը Թեհրանից Դուշանբե թռչող իրանական ինքնաթիռին թույլ չի տվել հատել իր օդային տարածքը, ինչից հետո ինքնաթիռն ստիպված է եղել վերադառնալ։
Գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը չեն հայտարարել ընդհանուր սահմանափակումների մասին, սակայն ուղևորներն աստիճանաբար ավելի դժկամությամբ են գնում տոմսեր ձեռք բերում, քանի որ նույնիսկ հաստատված ամրագրումը չի երաշխավորում մեկնումը։