Ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումային միջավայրը․ ԱՄՆ պետդեպը զեկույց է հրապարակել

Հայաստանի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը միտված են ներդրումների ներգրավմանը, և երկիրը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ընձեռում․  նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ» զեկույցում։

ԱՄՆ ներդրողները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանում, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում.

  • էներգետիկա,
  • հանքարդյունաբերություն,
  • բանկային գործ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Այնուամենայնիվ, ներդրումային միջավայրն առնչվում է որոշակի մարտահրավերների։ Խոչընդոտների թվում են՝

  • շուկայի փոքր ծավալը,
  • հարաբերական աշխարհագրական մեկուսացվածությունը՝ պայմանավորված Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններով,
  • օրենքի գերակայության և դատական համակարգի որոշակի թերությունները,
  • կոռուպցիոն ժառանգությունը։

«Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնությունը կստեղծի բազմամոդալ տարանցիկ կապուղի Հայաստանի տարածքով՝ որպես Անդրկասպյան առևտրային ուղու մաս, ինչը կօգնի վերջ դնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացմանը։

2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 7,2 տոկոսով՝ շնորհիվ շինարարության, ֆինանսական, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ծառայությունների։

2015 թվականին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր (TIFA)։ Նույն թվականին այն նաև միացել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։

2017 թվականին Հայաստանը և Եվրոպական միությունը (ԵՄ) ստորագրել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որի նպատակներից մեկը Հայաստանում ներդրումային և գործարար միջավայրի բարելավումն էր։

2025 թվականի հունվարին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են «Ռազմավարական գործընկերության խարտիա»։

2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել տևական խաղաղության հաստատմանն ուղղված իրենց հանձնառության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Այդ միջոցառման շրջանակում Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրել են 3 երկկողմ փոխըմբռնման հուշագիր՝ հետևյալ ոլորտների վերաբերյալ.

  • տարածաշրջանային կապակցվածություն,
  • էներգետիկ անվտանգություն,
  • արհեստական բանականություն ու կիսահաղորդիչներ։

 

Հայաստանը սակավ սահմանափակումներ է կիրառում օտարերկրյա վերահսկողության, ինչպես նաև մասնավոր սեփականության և գործունեություն ծավալելու իրավունքների նկատմամբ։ Հայաստանի օրենսդրությունը չի սահմանափակում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում բիզնեսի ձեռքբերումը, հիմնումը կամ դրա նկատմամբ իրավունքների օտարումը։ Բիզնեսի գրանցման ընթացակարգերը սովորաբար պարզ են, սակայն օտարերկրյա ընկերությունները նշում են, որ դատական համակարգի կարողությունների հետ կապված խնդիրները երբեմն կարող են խաթարել ի սկզբանե արդյունավետ կանոնակարգերի կիրարկումը։

Հայաստանը չի սահմանափակում դրամական միջոցների փոխարկումն ու փոխանցումը կամ կապիտալի և եկամուտների հետադարձ փոխանցումը։ Բանկային համակարգը կայուն է և լավ կարգավորվող, սակայն ներդրողները նշում են, որ ֆինանսական ոլորտը համեմատաբար թույլ է զարգացած։

Թեև Հայաստանի օրենսդրությունը պաշտպանում է մտավոր սեփականությունը, դրա կիրարկումն ու դատական կարգով պաշտպանության իրականացումը շարունակում են մարտահրավեր մնալ։

2023 թվականից ի վեր Հայաստանն ընդլայնել է վերահսկողությունը և վերջնական օգտագործողի լիցենզավորման պահանջները՝ կապված երկակի նշանակության ապրանքների արտահանման հետ, որոնք ներառված են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Միացյալ Թագավորության՝ բարձր առաջնահերթություն ունեցող ապրանքների համատեղ ցանկում։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրն ԱՄՆ ներդրողներին ապահովում է պաշտպանության մի շարք միջոցներով, որոնք կարող են կիրարկվել անկախ արբիտրաժային տրիբունալների միջոցով ներդրողի և պետության միջև վեճերի կարգավորման ընթացակարգի շրջանակում։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն բիզնես ասոցիացիաները նշում են, որ անհրաժեշտ կլինեն ավելի լայնածավալ բարեփոխումներ՝ հետևյալ ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու համար.

  • դատական,
  • հարկային,
  • մաքսային,
  • առողջապահության,
  • կրթության,
  • իրավապահ համակարգ։

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի և կառավարության միջև երկխոսության որակի վերաբերյալ։ Ներդրողները նաև մատնանշել են խնդիրներ՝ կապված պետական պաշտոնյաների կողմից առևտրային բնույթի խնդրահարույց հարցերն արագ լուծելու կարողության հետ։

Գործարար խմբերն ու միջազգային կազմակերպությունները նաև մտահոգություն են հայտնել մի շարք խոշոր մասնավոր ընկերություններում կառավարության կողմից մինորիտար բաժնեմասեր ձեռք բերելու կապակցությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *