Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) ուսումնասիրության համաձայն՝ տարվա առաջին կիսամյակում համաշխարհային պարտքն աճել է 10 տրիլիոն դոլարով՝ գերազանցելով 365 տրիլիոն դոլարը։ Փորձագետները գնահատում են, որ կուտակված պարտքի սպասարկման աճող ծախսերը լուրջ վտանգ են ներկայացնում աշխարհի կառավարությունների համար։ Այս մասին հայտնել է CNBC-ն։
Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կառավարությունները հայտնվել են արատավոր շրջանակի մեջ. բյուջեի մեծ դեֆիցիտները համընկնում են պարտքի սպասարկման աճող ծախսերի հետ, մինչդեռ խնդիրը լուծելու քաղաքական կամքը բացակայում է։
Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մի քանիսում միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին տասնամյակի ընթացքում գրանցված ամենաբարձր մակարդակին։ Սա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին, Ճապոնիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային։ Եկամտաբերության աճը արտացոլում է ներդրողների մտահոգությունները՝ կապված տոկոսադրույքների բարձրացման, էներգակիրների գների հետևանքով առաջացած շարունակական ճնշման, տնտեսական դանդաղ աճի և պետական զգալի ծախսերի հետ։
IIF-ը նշել է, որ այս չորս երկրները բախվում են կայուն բարձր դեֆիցիտների և տոկոսային վճարումների աճի խնդիրներին, որոնք նախկինում հիմնականում բնորոշ էին զարգացող շուկա ունեցող այն երկրներին, որոնք պայքարում էին պարտքային խնդիրների դեմ։