
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է։
– Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից ասաց՝ Էրդողանը բռնակալ է, սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ այլն։ Սա մեծ հիստերիա է առաջացրել Թուրքիայում, բայց, որ տարակուսելի է, նաեւ հայաստանյան որոշ շրջանակներում են սա քննադատում՝ ասելով, թե նա այդ ամենն ասում է սեփական շահերից ելնելով։ Պարզ է, որ Իսրայելը՝ իբրեւ Ադրբեջանի դաշնակից եւ 44-օրյա պատերազմի ու այլնի հետ կապված գործոններով պայմանավորված, որոշակի բացասական ընկալում ունի մեզանում։ Բայց չէ՞ որ նա հնչեցնում է հայ ժողովրդի համար գոնե ականջահաճո ճշմարտություն։
– Ճշմարտության բարձրաձայնումը չի կորցնում իր արժեքն այն պատճառով, որ այն հնչեցնողն ունի քաղաքական շահ։ Բնական է, որ Նեթանյահուն նման հայտարարություն անում է Իսրայելի շահերի գիտակցումով։ Ինքն Իսրայելի վարչապետն է։ Ինքը Հայաստանի վարչապետը չէ։ Մենք պետք է ողջունենք Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ հրապարակավ հնչեցված խոսքերը, հետեւողականորեն բարձրաձայնենք մեր պահանջներն ու տեսլականը եւ աշխատենք, որ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները դառնան ավելի գործնական ու շարունակական։ Միաժամանակ՝ ճշգրիտ լինենք «դաշնակից» որակման մեջ։ Իսրայելն ու Ադրբեջանն ունեն սերտ ռազմական համագործակցություն, եւ իսրայելական զենքի դերն Ադրբեջանի զինման գործում չի կարելի անտեսել։ Սակայն ես հիմք չեմ տեսնում նրանց հարաբերությունները ներկայացնելու որպես ամրագրված դաշնակցություն։ Իսրայելը նման բնույթի փաստաթուղթ չունի ստորագրված Ադրբեջանի հետ։ Նա պարզապես միջազգային շուկայում զենքի վաճառական է, որի գնորդները շատ են՝ Չեխիայից ու Ֆինլանդիայից մինչեւ Թաիլանդ ու Ֆիլիպիններ։ Օրինակ, ի տարբերություն Իսրայելի, Ադրբեջանի հետ դաշնակցային փաստաթղթեր ստորագրել են Ռուսաստանը՝ 2022 թվականին, եւ Թուրքիան՝ 2021 թվականին։ Հայաստանի շահերից է բխում բոլոր երկրների քայլերը գնահատել նույն չափանիշով՝ ընդունելով մեզ համար կարեւոր ճշմարիտ խոսքը։
– Նմանատիպ արձագանքներ Հայաստանում լսեցինք նաեւ այն ժամանակ, երբ Իսրայելի ԱԳ նախարարը կառավարություն ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, որը միաձայն ընդունվեց։ Ավելի վաղ, Նեթանյահուն հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե ինքը եւս ընդունում է այդ փաստը։ Նա, բայց ոչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանախումբը՝ գոնե որպես պետական առաջնահերթություն։ Որտեղի՞ց է գալիս այս հակընդդեմ ալիքը։
– Այդ հակազդեցության պատճառների արմատները միատեսակ չեն։ Ոմանց համար որոշիչ է Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված սպառազինությունը, ուրիշների համար՝ Իսրայելի Ղազայում գործողությունների գնահատականը կամ Երուսաղեմում որոշ ծայրահեղ կրոնականների ոտնձգությունները Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դեմ։ Այդ մտահոգությունները կարելի է քննարկել բաց եւ լուրջ։ Սակայն դրանցից ոչ մեկը պատճառ չէ՝ անտեսելու Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հնչած խոսքն ու Իսրայելի կառավարության կայացրած որոշումը։ Նաեւ Հայաստանի եւ Իսրայելի մերձեցումը հակասում է որոշ արտաքին ուժերի շահերին, հատկապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Հաշվի առնելով այս երկուսի քաղաքական ու քարոզչական դերակատարումը Հայաստանի կյանքում, ինչպես նաեւ՝ ռուսական ավանդական հակասեմիտիզմի եւ Իրանի հակաիսրայելական ազդեցությունը, ապա պարզ են դառնում որոշ հակահրեական տրամադրությունների աղբյուրները։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա չի կարող ողջունել Իսրայելի կամ որեւէ այլ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դրան դեմ են Բաքուն եւ Անկարան։
– Անգամ Վրաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե հայ ժողովուրդը չի հաղթահարել Հայոց ցեղասպանության ցավը, ու այդ ոճրի միջազգային ճանաչման արշավը չի ընդհատվել։ Եթե վեր կանգնենք հուզականությունից՝ իսկապե՞ս անկեղծ են Նեթանյահուն եւ Կոբախիձեն։
– Վեր կանգնելով հուզականությունից՝ նրանց անկեղծությունը հաստատել կամ հերքել չենք կարող։ Ի վերջո, դրա կարիքը չկա էլ՝ հո ամուսնության առաջարկ չէ՞։ Կարող ենք գնահատել խոսքերի բովանդակությունը, համատեքստը եւ դրանց հետեւող քայլերը։ Սեպտեմբերի 15-ին Կոբախիձեն Հայոց ցեղասպանությունն օգտագործել է Վրաստանի քաղաքական բանավեճում՝ հակադարձելով այն մտքին, թե ժողովուրդը կարող է պարզապես «հաղթահարել» պատմական ցավը։ Նրա դիտարկումը հայերի շարունակվող ճանաչման պայքարի մասին տեղին է։ Բայց այդ խոսքը դեռ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում չէ։ Նեթանյահուի դեպքում խոսքին հաջորդել է ավելի որոշակի պետական քայլ. 2026 թ․ հունիսին Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն ցանկալի է, որ այն անցնի նաեւ խորհրդարանով։ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը կարող է բացատրել քայլի ժամանակը։ Դա ինքնին չի արժեզրկում ճանաչումը։ Քաղաքական շահն ու համոզմունքը կարող են համընկնել։ Պետք է ողջունենք ասվածը, բայց անկեղծության վերջնական չափանիշ համարենք հետեւողականությունը։ Իսրայելի դեպքում՝ ճանաչման գործընթացի ավարտն ու Հայաստանի նկատմամբ գործնական քաղաքականությունը, Վրաստանի դեպքում՝ արդյոք Կոբախիձեի խոսքին կհետեւի՞ պաշտոնական դիրքորոշում։ Հայկական պահանջների արժեքը նրանց ներքին շարժառիթներից կախված չէ։
– Դուք ասում եք, որ Հայաստանին առաջիկա ամիսներին անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք կավելացնեն նրա անվտանգության գործընկերները, տարածաշրջանային դերակատարումը եւ տնտեսական հնարավորությունները։ Նշվող 3 ուղղությունների թվում առաջարկում եք գործակցությունը խորացնել Իսրայել-Կիպրոս-Հունաստան ձեւաչափի հետ։ Կմանրամասնե՞ք։
– Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Իսրայել-Կիպրոս-Հունաստան ձեւաչափի հետ համագործակցությունը։ Հայաստանին այսօր անհրաժեշտ են սպառազինություն եւ զինամթերք, ժամանակակից պաշտպանական ու քաղաքացիական տեխնոլոգիաներ, արհեստական բանականության ոլորտում համագործակցություն, ներդրումներ, ինչպես նաեւ՝ պարենային անվտանգության եւ բժշկության զարգացման ծրագրեր։ Անհրաժեշտ է խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ ընդլայնել այն գործընկերների շրջանակը, որոնք կարող են նպաստել Հայաստանի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը։ Իսրայելն այդ հնարավոր գործընկերներից մեկն է՝ իր տեխնոլոգիական, բժշկական եւ պաշտպանական կարողություններով։ Հունաստանի ու Կիպրոսի հետ Հայաստանի հարաբերություններն էլ հիմք են ավելի լայն գործակցության համար։ Իսրայել-Հունաստան-Կիպրոս ձեւաչափն արդեն գործում է. երեք երկրների 2025 թ․ համատեղ հռչակագիրը նախատեսում է խորացնել նաեւ անվտանգության, պաշտպանության եւ ռազմական համագործակցությունը։ Հայաստանը, իր հերթին, Հունաստանի ու Կիպրոսի հետ եռակողմ համագործակցության փորձ ունի։ Իմ առաջարկն է՝ կապել այդ երկու համագործակցային ուղղությունները։ Հայաստանը կարող է առաջարկել սկզբում սահմանափակ, բայց չափելի ծրագրեր՝ տեխնոլոգիաների համատեղ մշակում, կիբեռանվտանգություն, բժշկական ու ջրային լուծումներ, պարենային անվտանգության նախաձեռնություններ եւ ներդրումային նախագծեր։ Պաշտպանական համագործակցության շուրջ նույնպես պետք է բանակցել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ է պետք Հայաստանին, եւ ինչ կարող է առաջարկել Հայաստանը գործընկերներին։ Այստեղ պետք է տարբերել հնարավորությունը կայացած փաստից։ Կարող ենք զգուշավորությամբ պնդել, որ Հայաստանն արդեն Իսրայել-Հունաստան-Կիպրոս ձեւաչափի ընդունված «պակասող օղակն» է։ Կա նաեւ ակնհայտ շահագրգռություն՝ Իսրայելի կողմից, ի հակակիռ Թուրքիայի, ուժեղացնել Հայաստանը։ Դա քաղաքական նպատակ է, բայց որի նյութականացման համար պետք է աշխատել։ Եվ առաջին հերթին պիտի ջանք եւ հետեւողականություն ցուցաբերի Հայաստանը։ Հայաստանը կարող է արժեքավոր կապող օղակ դառնալ ստեղծվելիք դաշինքի մեջ, եթե այդ գաղափարը վերածի գործընկերների համար նույնպես շահավետ առաջարկի։