Քաղաքացիների տվյալների հավաքագրում՝ նոր օրենքի անվան տակ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգություն է հայտնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման վերաբերյալ։

Հանձնաժողովում քննարկվում էր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։ Դրանով առաջարկվում էր Հայաստանում ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկման համակարգ։

Աբրահամյանի խոսքով՝ նման կարգավորումը կարող է հանգեցնել քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը և հետագայում դրանց հնարավոր օգտագործման ռիսկեր ստեղծել քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ։

Միևնույն ժամանակ պատգամավորը դրական է գնահատել այն հանգամանքը, որ այս փուլում որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել։ Նրա կարծիքով՝ նման համակարգի ներդրման անհրաժեշտությունը պետք է մանրամասն քննարկվի՝ հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը։

Աբրահամյանը նշել է, որ եվրոպական մի շարք երկրներում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման պահանջ չի կիրառվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *