ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի ավարտել են Իրաքում իրենց առաքելությունը՝ ավելի քան երկու տասնամյակ անց։ Վերջին ստորաբաժանումները, հիմնականում Էրբիլի ռազմաբազայից, դուրս են բերվել երկրից։
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիայի գործընկերները պաշտոնապես ավարտել են «Անսասան վճռականություն» (Operation Inherent Resolve) գործողությունը։ Վաշինգտոնը, սակայն, կշարունակի իրաքյան ուժերին տրամադրել ուսուցում և հետախուզական աջակցություն։
ԱՄՆ-ի հեռանալը մտահոգություններ է առաջացրել անվտանգության հնարավոր վակուումի վերաբերյալ։ Փորձագետները զգուշացնում են, որ դրանից կարող են օգտվել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները և «Իսլամական պետությունը»։
ԱՄՆ-ի գլխավորած ուժերը 2003 թվականին տապալեցին Սադդամ Հուսեյնի իշխանությունը։ Ամերիկյան զորքերը 2011-ին հեռացան Իրաքից, սակայն վերադարձան 2014-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում։
Իրանի աջակցությունը վայելող «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը ԱՄՆ զորքերի դուրսբերումը «պատմական հաղթանակ» է համարել՝ այն որակելով որպես ամերիկյան քաղաքականության պարտություն Իրաքում։
Ավելի քան երկու տասնամյակ տևած պատերազմի ընթացքում Իրաքում զոհվել է ավելի քան 4,500 ամերիկացի զինծառայող։ Reuters-ի փոխանցմամբ՝ այժմ երկրի անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունն անցնում է իրաքյան ուժերին։