
Օրվա օրակարգում առաջին տեղում միջազգային ավիացիոն միջադեպն էր, իսկ ներքին լրահոսը ձևավորվել է դատական-իրավական թեմաներով՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի խափանման միջոցի փոփոխությունից մինչև ապօրինի գույքի բռնագանձման նոր հայց, ինչպես նաև Երևանում խոշոր տրանսպորտային նախագծի մեկնարկով։ Օրվա ընթացքում մեդիայի հրապարակած ավելի, քան 2 699 հրապարակումը ուսումնասիրվել և վերլուծվել է մեդիա մոնիտորինգի գործիքակազմի կիրառմամբ։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում — 155 հիշատակում
Փաստեր. Սեպտեմբերի 30-ին Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթը՝ Boeing 737 MAX ինքնաթիռը, որը Դուբայից թռչում էր Թել Ավիվ, սկզբում փոխանցել է «7700» վթարային ազդանշանը, ապա՝ «7500» կոդը, ինչը նշանակում է առևանգում կամ անօրինական միջամտություն։ Ինքնաթիռը մեկ րոպեից էլ պակաս ժամանակում մոտ 10,4 կմ բարձրությունից իջել է մինչև 5,2 կմ, այնուհետև վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օդաչուների խցիկում, և օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել։ Իսրայելական աղբյուրներն առևանգման վարկածն անմիջապես բացառել են։ Նույն օրը Դուբայից Թել Ավիվ թռչող երկրորդ ինքնաթիռին հրահանգվել է վերադառնալ ԱՄԷ, պատճառը չի հայտնվել։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը տարածվել է հիմնականում իսրայելական լրատվամիջոցների հաղորդումների թարգմանություններով, ուղևորների վկայություններով։ Flydubai-ն առաջին ժամերին պաշտոնական մեկնաբանություն չէր տվել, ինչն էլ մի քանի զուգահեռ վարկածների շրջանառության պատճառ է դարձել։
Հակասող նարատիվներ.
- Օդաչուների միջև կռիվ. Մի շարք աղբյուրներ, Ynet-ի հղումով, միջադեպը ներկայացրել են՝ որպես օդաչուների ծեծկռտուք կամ կոնֆլիկտ, որից հետո անձնակազմն ակտիվացրել է տագնապի ազդանշանը։
- Դանակահարություն. Ուղևորների վկայությամբ՝ օդաչուներից մեկը ծանր վիրավորվել է, որից հետո ինքնաթիռի կառավարումը կորցվել է և այն սկսել է սրընթաց իջնել։
- Ուղևորների միջամտություն. Մեկ այլ վարկածով՝ կռիվ ռուս և ուկրաինացի ուղևորների միջև տեղի չի ունեցել, այլ ուղևորի կարգավիճակով թռչող երկու օդաչու՝ ռուս և ուկրաինացի, համատեղ ստանձնել են ինքնաթիռի կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում՝ կանխելով աղետը։
2. «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով — 55 հիշատակում
Փաստեր. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով։ Հանրային մեղադրողը պահանջել էր կալանքը երկարաձգել երեք ամսով, իսկ պաշտպանները առաջարկել էին կիրառել մինչև 70 մլն դրամ գրավ և վարչական հսկողություն։ Ալեքսանյանի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը լայնորեն տարածվել է դատական որոշման փաստի ձևաչափով։ Հիշատակումների զգալի մասը կապված է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարության հետ։
Հակասող նարատիվներ.
- Իրավական ընթացակարգ. Մեղադրող կողմը պնդում էր կալանքի երկարաձգում, դատարանը մերժել է միջնորդությունը՝ կիրառելով ավելի մեղմ խափանման միջոց։
- Քաղաքական հետապնդման շրջանակ. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «իշխանությունների պատվերով» իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին։ Կուսակցությունը դատարանի որոշումը կապել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի հետ, որում, ըստ կուսակցության, արձանագրվել են ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական ճնշումներ, և նշել, որ անազատության ռեժիմի մեղմացումը «ընդամենը առաջին քայլն է» Ալեքսանյանի լիակատար ազատության վերականգնման ճանապարհին։
3. Հոկտեմբերի 5-ից մեկնարկում է Նորագավթի խոշոր տրանսպորտային հանգույցի կառուցումը — 37 հիշատակում
Փաստեր. Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Երևանի հարավային մուտքի՝ Նորագավթի տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել 28 և 22 մ երկարությամբ երկու թռիչքանի ուղեանց, շուրջ 272 մետրանոց ճանապարհային էստակադա և մոտ 450 մետր ճանապարհ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 506,7 մլն դրամ է։ Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ, իսկ Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում քաղաքապետարանը խորհուրդ է տալիս օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսաբանումը գործնական-տեղեկատվական է. մեդիայի հիմնական ուշադրությունը երթևեկության սահմանափակումների և շրջանցման ուղիների վրա է։
4. Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից պահանջում է բռնագանձել շուրջ 1,6 մլրդ դրամ և գույք — 29 հիշատակում
Փաստեր. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (պաշտոնակատար) Աշոտ Արզումանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 16 անշարժ գույք (դրանցից 14-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկական՝ Ջրվեժում և Աշտարակում), 3 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, բանկում ներդրված 60 726 ԱՄՆ դոլարի ավանդ և այլ միջոցներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1,6 մլրդ դրամ։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը տարածվել է դատախազության հաղորդագրության վերարտադրմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի շարքում, առանց լրացուցիչ մեկնաբանության։
5. Գեղարքունիքում մեղադրանք է առաջադրվել ամուսնու մորը՝ հարսին ինքնասպանության հասցնելու համար — 27 հիշատակում
Փաստեր. Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2024 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննության տվյալներով՝ Ա.Շ.-ն, լինելով ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է իր հարսին՝ Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս, գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, ինքնասպան է եղել։ Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը ներկայացվել է Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության շրջանակում։ Մեդիայում թեման դիտարկվում է ընտանեկան բռնության և հոգեբանական ճնշման համատեքստում։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ
- Նիկոլ Փաշինյան — վարչապետը եղել է օրվա ամենահիշատակվող դեմքը՝ Անվտանգության խորհրդի նիստի, ինչպես նաև ընդդիմադիր մամուլի քննադատական հրապարակումների համատեքստում։
- Դոնալդ Թրամփ — ԱՄՆ նախագահի անունը շրջանառվել է մի քանի միջազգային թեմաներով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մինչև դիզելային վառելիքի արտահանում և միգրացիոն քաղաքականություն։
- Ալիկ Ալեքսանյան — «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի խափանման միջոցի փոփոխությունը օրվա ամենաքննարկված ներքաղաքական թեման էր։
- Աննա Վարդապետյան — գլխավոր դատախազը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները, իսկ դատախազությունը նոր բռնագանձման հայց է ներկայացրել։
- Աշոտ Արզումանյան — ՊԵԿ նախկին պաշտոնյայից շուրջ 1,6 մլրդ դրամ բռնագանձելու պահանջը լայնորեն լուսաբանվեց։
ԿԱՐևՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը. քննարկվել են Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արգիշտի Դարբինյանը։
- Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը երկարաձգել մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը և սահմանել միասնական աջակցություն՝ 1 մլն դրամ։
- Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները։
- Հետախուզման մեջ գտնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և նրա հետ փոխկապակցված մի շարք անձանց հրավիրել են Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու գույքի ծագման ուսումնասիրության նախնական արդյունքներին։
- ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Փոլ Հյուպերի այցով մեկնարկել է Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլը։
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է անվանել «Россия 24»-ի գնահատականը Հրազդանում բացված Firebird AI գործարանի հնարավոր հետախուզական նշանակության մասին։
- «Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. տնօրեն Հրայր Ավետիսյանի խոսքով՝ Արցախի կառավարության որոշմամբ անվանման և հարթակի իրավասությունը փոխանցվում է մեկ այլ ՀԿ-ի։
- Մարդու իրավունքների պաշտպանը համակարգային խախտումներ է հայտնաբերել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում։
- Կոտայքի մարզի դատախազության միջնորդությամբ Նաիրի համայնքին վերադարձվել է 11 մլն դրամ շուկայական արժեքով 690 քմ հողատարածք։
- ՊՆ-ն զգուշացրել է, որ հոկտեմբերի 1-ին ավիացիոն ստորաբաժանումների ուսումնամարզական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։
ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Յուվենտուս» ակումբը Երևանում բացել է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան. պաշտոնապես բացվել են նաև ակադեմիայի մարզաբազան Ավանում և Freedom Arena-ն։
- Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Ճապոնիայի Նագոյա քաղաքում ընթացող Ասիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել +110 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 440 կգ արդյունք։
- Մուայթայի Հայաստանի հավաքականը Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ, նվաճել է 8 մեդալ, այդ թվում՝ 5 ոսկե։
- ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը Հայաստանում ծանոթացել է Շախմատի ակադեմիայի կրթական ծրագրերին. հանդիպման առանցքային թեման դարձել է շախմատի դերը կրթության համակարգում։