Թբիլիսիում պատշգամբից անցորդների վրա միզած ՌԴ քաղաքացուն կալանավորել են 15 օրով

Դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի՝ 1987 թվականին ծնված քաղաքացի Ալեքսանդր Պոպովին, որը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկի պատշգամբից միզել է քաղաքացիների վրա։ Նա դատապարտվել է 15 օրվա կալանքի, որից հետո կարտաքսվի Վրաստանից՝ երկիր մուտք գործելու 3 տարվա արգելքով։

Ռուսաստանի քաղաքացին իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը։ Սակայն, քանի որ դատական նիստի ընթացքում նա փաստաբան չի ունեցել, հայտնի չէ՝ արդյոք Պոպովը կօգտվի այդ իրավունքից։

ՌԴ քաղաքացին ընդունել է իր մեղքը։ Վրաստանում նա բնակարան է ձեռք բերել և խնդրել է իրեն հնարավորություն տալ ավարտել այնտեղ վերանորոգման աշխատանքները և մնալ երկրում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի երկու հոդվածներով։

«Ես ափսոսում եմ արածիս համար և, իհարկե, նման բան այլևս երբեք չի կրկնվի», – դատարանում հայտարարել է Պոպովը։

Ռուսաստանի քաղաքացին նաև փորձել է բացատրել իր արարքի պատճառը։ Նրա խոսքով՝ ինքը հյուր էր գնացել ընկերոջ տուն, ում հղի կինը երկար ժամանակ օգտվում էր զուգարանից։ Ալկոհոլի ազդեցության տակ՝ նա ցանկացել է օգտվել զուգարանից, սակայն տեսնելով, որ այն զբաղված է, դուրս է եկել պատշգամբ։ Ավելի ուշ ներքևում անցորդներին նկատելով՝ տղամարդը, ըստ իր խոսքերի, մտադիր է եղել իջնել և ներողություն խնդրել նրանցից, սակայն արդեն ոստիկանություն էին կանչել։

Դատավոր Թոռնիկե Կապանաձեն, նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը, Պոպովին պարզաբանել է․

«Իրավախախտումը ոչ սթափ վիճակում կատարելը արդարացում չէ, սակայն անկեղծ զղջումը համարվում է մեղմացուցիչ հանգամանք։ Թե որքանով են ձեր ցուցմունքները հաստատում, որ արարքը կատարվել է անելանելի իրավիճակում, կգնահատի դատարանը։ Քաղաքակիրթ հասարակության մեջ նման վարքագիծը նման պատճառներով արդարացնել չի կարելի»։

Իրավապահներին կանչել են միջադեպի ականատեսները։ Նրանցից մեկը՝ Թեոնա Գոլոձեն, ավելի ուշ սոցիալական ցանցերում հրապարակել է միջադեպի տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է նկատողություններից հետո հարբած տղամարդը բղավում՝ «Փառք Ռուսաստանին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *