ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար):
Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը՝ հրապարակելով ընկերության Ֆեյսբուքյան էջի հղումը, ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է «My Fin» անվանումով։
ԿԲ-ն տեղեկացնում է, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկի կողմից չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:
«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում»,-նշվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։