Տանը նստած, ոչինչ չանելով, հարստանում են․ Փաշինյանը՝ անշարժ գույքի բարձր վարձավճարների մասին

Հայաստանի Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող մի շարք առանցքային խնդիրների, մասնավորապես՝ անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին, վարձավճարների աճին, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի կառավարմանն ու ճանապարհաշինական ռազմավարական ծրագրերին:

Խոսելով անշարժ գույքի շուկայում նկատվող բարձր ակտիվության մասին՝ վարչապետը նշել է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով ահազանգեր և նամակներ է ստանում քաղաքացիներից վարձակալության վճարների կտրուկ բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դժգոհությունները հիմնականում հնչում են մարզերից Երևան աշխատանքի նպատակով տեղափոխված բնակիչներից, ինչը սոցիալական տեսանկյունից լիովին հասկանալի է և մտահոգիչ։

Այնուամենայնիվ, վարչապետի գնահատմամբ, այս երևույթը կարող է ունենալ նաև դրական, ապակենտրոնացնող ազդեցություն․

«Բարձր գները կարող են հանգեցնել մի երևույթի, որը, մեծ հաշվով, ցանկալի է՝ դեպի Երևան հոսքերը կարող են որոշակիորեն դանդաղել։ Բացի այդ, բիզնեսները, իրենց ինքնարժեքն ու ծախսերը նվազեցնելու նպատակով, կարող են աստիճանաբար Երևանից կամ Երևանի կենտրոնից տեղափոխվել դեպի մարզեր։ Դրա արդյունքում մարդկային հոսքն ու աշխատատեղերը ևս կարող են տեղափոխվել մարզեր, – նշել է նա»։

Փաշինյանի խոսքով՝ այս ֆոնին կան մարդիկ, որոնք տանը նստած հարստանում՝ ոչինչ չանելով, քանի որ ունեն սեփական տուն:

Հոկտեմբերի 1-ի նիստում, ճանապարհաշինական ծրագրերի քննարկման համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ավտոմեքենաների թվաքանակի ավելացմանը համընթաց անհրաժեշտ է ստեղծել նոր ճանապարհներ և այլընտրանքային երթուղիներ։

«Շուտով մենք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,— նկատել է վարչապետը՝ հավելելով, որ որոշ սեզոնների և օրերի երթևեկության դժվարություններն արդեն իսկ ակնհայտ են, ինչը պահանջում է մարդկանց տեղաշարժի նոր տարբերակներ ապահովել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *