Կառավարությունը կդադարեցնի Սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը

Հայաստանի Կառավարությունն առաջարկում է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը։ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով այս ծրագրի համար ֆինանսական միջոցներ այլևս նախատեսված չեն։

Լրագրողների հետ զրույցում թեման պարզաբանել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատճառներին, թե ինչու է որոշում կայացվել հրաժարվել տարիներ ի վեր գործող այս համակարգից։

Նախարարի խոսքով՝ սոցփաթեթի ծրագիրը ներդրվել էր 2012–2013 թվականներին՝ որպես պետական ապարատում առկա ցածր աշխատավարձերի լրացուցիչ փոխհատուցման միջոց։ Այն շահառուներին հնարավորություն էր տալիս հոգալ առողջարանային հանգստի, սպորտի, ուսման և առողջապահական մի շարք ծախսեր։

Այդուհանդերձ, Թորոսյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում իրավիճակը էապես փոխվել է․

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, և թե՛ առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»։

Աշխատանքի և բարեկեցության նախարարը հավաստիացրեց, որ այն քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում դեռևս ունեն չօգտագործված կամ կուտակված սոցփաթեթի գումարներ, չեն զրկվի դրանցից։ Շահառուները կկարողանան այդ միջոցները ծախսել Կառավարության հատուկ որոշմամբ առաջիկայում սահմանվելիք ուղղություններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *