
Երեւանը քարի, բետոնի ու ասֆալտի կույտ չէ․ Երեւանը մեր հավաքական սիրտն է, մեր հայրենիքի թոքերը, մեր բարոյական ու ազգային ինքնության հայելին։ Դա է պատճառը, որ սիրտդ ճմլվում է, կուրծքդ սեղմվում ցավից, երբ նայում ես մեր չքնաղ, բայց օրեցօր խեղդվող մայրաքաղաքին։
Մի՞թե չենք նկատում, թե ինչպես է մեր տունը քայլ առ քայլ դառնում ապրելու համար ոչ պիտանի։
Պաշտոնական վիճակագրությունը հայտնում է․Երեւանում ապրում է 1.15 միլիոն մարդ՝ երկրի բնակչության 37%-ը։ Բայց ո՞վ է հավատում այդ կեղծ թվերին, որտեղ չկան վարձով ապրող տասնյակ հազարավոր մարդիկ՝ ուսանողներ, տաքսիստներ, առեւտրականներ, շինարարներ։ Վանաձորից, Գյումրիից, Կապանից, Տավուշից ու Արմավիրից հազարներով, ընտանիքներով հոսում են դեպի մայրաքաղաք։ Վանաձորցի հարեւանս տունը ծախեց, որ Երեւանի շուկաներից մեկում պոմիդոր-վարունգ ծախի, տաքսիստ ընկերս Լոռուց ուղեւոր բերեց ու էլ չվերադարձավ՝ արդարանալով․ «Փողերը Երեւանում են ֆռռում, ռայոնում բան չկա, ապրել չի լինի»։ Իրականում, Հայաստանի բնակչության 55-60 տոկոսն այսօր Երեւանում է։ Մենք ստեղծում ենք մի անհեթեթ, ուռճացված քաղաք-պետություն։ Անտիկ շրջանում հունական պոլիսները երբ գերբեռնվում էին, մարդկանց ուղարկում էին նոր բնակավայրեր հիմնելո, մենք հակառակն ենք անում՝ ծայրագավառներն ու սահմանները դատարկում ենք, ժողովրդին խցկում մի բռան չափ տարածքի մեջ։ Հայ ժողովուրդ, մի՞թե դու մեկ քաղաք ես ուզում ունենալ։ Բա սահմանին ո՞վ է ապրելու։ Թե՞ թշնամուն ենք կամովին նվիրում մեր հողերը, որովհետեւ այնտեղ այլեւս մարդ չի մնացել։
Բետոնե ջունգլիներ ու «ռենդերային» երջանկություն
Այսօր Երեւանում կառուցվում է ավելի քան 300 բազմաբնակարան շենք, որոնցից ամեն մեկում մի ամբողջ գյուղ կտեղավորվի: Միայն 2024 թ. տվյալներով՝ քաղաքապետարանը 6 տարվա ընթացքում տվել է շուրջ 20 հազար շինթույլտվություն, իսկ կառուցման տարբեր փուլերում էր մոտ 87 հազար բնակելի միավոր։ 2025 թ. երկրի ամբողջ շինարարության 48 տոկոսը բաժին է ընկել Երեւանին՝ շուրջ 107.9 մլրդ դրամ։ Ո՞ւմ համար է այս ամենը։ Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերում գրեթե ոչ մի բազմահարկ չի կառուցվում, իսկ Երեւանը խեղդվում է բետոնի տակ։ Էլիտար թաղամասերի գունավոր «ռենդերներում» ամեն ինչ հեքիաթային է՝ կանաչ ծառեր, լայն մայթեր, ժպտացող երջանիկ ընտանիքներ։ Քաղաքացուն օդ ու լույս են խոստանում, բայց տալիս են բետոն, փոշի, խցանումներ։ Հազարավոր ծառեր են հատվում, ու դրանց տեղում վեր են ելնում անճաշակ, իրար կպած, արեւի լույսը փակող բետոնե տուփեր։
Հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ 87 հազար նոր բնակարանի կողքին ի՞նչ է կառուցվում՝ ճանապա՞րհ, կայանատեղի՞, դպրոց ու մանկապարտե՞զ, կոյուղի՞, ջրամատակարարո՞ւմ, կանաչ տարա՞ծք, թե՞… հաջորդ շենքը։ Հարցրեք քաղաքը կառավարողներին․ շենք կառուցելու արագությունը համապատասխանո՞ւմ է քաղաքը սպասարկելու կարողությանը։ Մինչ Երեւանը վեր է խոյանում, նրա աղբը՝ Նուբարաշենում, նույնքան արագ է վեր բարձրանում՝ օրական 1200 տոննա չտեսակավորված աղբ է լցվում դեռեւս 1950-ից գործող աղբավայրը, որը պարբերաբար հրդեհվում է՝ մարդկանց խեղդելով թունավոր ծխի մեջ։ Սա է «էլիտար» իրականությունը․ կառուցում ենք շենքեր՝ սպանելով այն միջավայրը, որի վրա դրանք կանգնած են։
Խեղդվող թոքեր եւ կաթվածահար երթեւեկություն
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ օդի աղտոտվածությունը Հայաստանի քաղաքների ամենալուրջ խնդիրներից է, Երեւանի համար առանձնահատուկ է փոշու եւ ազոտի երկօքսիդի աճող խնդիրը։ Հայաստանի համար PM2.5 փոշու մասնիկների տարեկան միջին գնահատականը կազմել է 46 մկգ/մ³, ինչն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած ուղեցույցից (5 մկգ/մ³) բարձր է 9 անգամ։ Զուգահեռաբար, քաղաքը կաթվածահար է լինում ամեն Աստծո օր։ Փարիզն ունի 2.1 միլիոն բնակիչ ընդամենը 105 քառակուսի կիլոմետրի վրա, եւ այնտեղ ավտոմեքենաներով երթեւեկությունը վերջին 2 տարում նվազել է 60%-ով, որովհետեւ մարդիկ օգտվում են մետրոյից ու այլընտրանքային տրանսպորտից։ Երեւանը 223 կմ² է, ունի 12.1 կմ երկարությամբ ու 10 կայարանանոց մետրո, իսկ մեքենաների թիվն աճում է տարեկան տասնյակ հազարներով։ Վանաձորից Երեւան հասնում եմ 1.5 ժամում, իսկ մայրաքաղաքի ներսում՝ Հանրապետության հրապարակ հասնելու համար կորցրի եւս 1.5 ժամ։ Քաղաքային իշխանություններն այնքան են մոլորվել, որ 2026 թ. «Երթեւեկության կառավարման կենտրոն» են բացում։ Տրանսպորտային լիարժեք համակարգ չունենք, բայց խցանումները «կառավարելու» համակարգ ենք ստեղծում։ Չենք լուծում պատճառը, ձեւացնում ենք, թե կառավարում ենք հետեւանքը։
Մարզերի դատարկումը եւ քաղաքական կուրությունը
Մարզերի համաչափ զարգացման պլան ունե՞նք․ ընտրությունների նախօրեին հազար ու մի խոստում են տալիս, նկարագրում լուսավոր ապագա, իսկ հետո… խորհրդավոր լռություն։ Մարզերում չկան բավարար աշխատատեղեր, ժամանակակից հիվանդանոցներ, որակյալ բուհեր, երիտասարդների համար զարգանալու հեռանկարներ։ Մարդկանց կանգնեցրել են դաժան ընտրության առջեւ․ լքել սեփական հողն ու գյուղը, գալ Երեւան՝ տաքսի քշելու կամ կառուցվող շինությունների շինարարություն անելու, կա՛մ արտագաղթել երկրից։ Սա պետական մոտեցում չէ, սա ազգային ողբերգություն է։ Այսպես մարզերն ամբողջովին կդատարկվեն, իսկ Երեւանը կկքի սեփական ծանրության տակ։ Ողջ երկիրը թաթախված է ներքաղաքական ինտրիգների, եկեղեցու եւ իշխանության հակամարտության, ընդդիմադիրների ու հոգեւորականների դեմ քրեական գործընթացների մեջ։ Երկրի առջեւ ծառացած համակարգային խնդիրները թողած՝ իշխանությունն իր ժամանակն ու էներգիան վատնում է ներքաղաքական բախումների վրա։
Գլուխ՝ առանց մարմնի
Հայաստանը մի միասնական, կենդանի մարմին է, գլուխը Երեւանն է, մարմինը՝ մարզերն ու գյուղերը, արյունատար անոթները՝ տնտեսությունն ու ճանապարհները։ Եթե արյունը՝ ֆինանսները (ինչպես տաքսիստ ընկերս էր ասում՝ երկրի փողերի 90%-ը պտտվում է Երեւանում), աշխատատեղերը, համալսարաններն ու բժշկությունը միայն գլխին են սպասարկում, մարմինը հիվանդանում է ու մահանում։ Կարո՞ղ է գլուխն ապրել առանց մարմնի, սիրտը բաբախել, եթե երակներում արյուն չկա։ Նման մարմինը դատապարտված է կաթվածի:
Հարգելի երեւանցի՛, քաղաքը քոնն է՝ քո երեխան է այստեղ մեծանում, քո պատուհանն է փակում հաջորդ բարձրահարկը, քո փողոցում է լինում խցանումը, քո թոքերն են շնչում թունավոր օդը։ Դո՛ւ պիտի պահանջես։ Դո՛ւ պիտի հետաքրքրվես՝ ինչո՞ւ է այս շենքը կառուցվում։ Որտե՞ղ է դպրոցը եւ կայանատեղին։ Ինչո՞ւ ծառ չի տնկվում։ Չէ՞ որ մարդը պիտի ապրի, ոչ թե պարզապես բնակարան ունենա։ Երեւանցինե՛ր, նայեք ձեր քաղաքին՝ ձեր բակից ու փողոցից է սկսվում երկիրը։ Եթե Երեւանը խեղդվի, իր հետ տանելու է նաեւ ամբողջ Հայաստանը։ Հայաստանը միայն Երեւանը չէ, բայց Երեւանը Հայաստանի սիրտն է։ Իսկ սիրտը պետք է ոչ միայն մեծ լինի, այլեւ՝ առողջ։ Յո՞ երթաս, Երեւան․․․