Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը։ Դրանք ապօրինաբար էին սեփականաշնորհվել։ 8 տարի տևած դատական գործերի հիմնական մասն ավարտվել է բացասական ելքով։ Դատախազությունը համաձայն չէ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի մի քանի սեփականատեր, օգտվելով այն հանգամանքից, որ գույքերի վրա արգելանք չկա, դրանք վաճառել են․ գրում է «Հետք»-ը։
Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող անտառներն ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թ․-ին, ինչը «Հետք»-ը բացահայտեց 2018 թ․-ին։ Դրանք ձեռք են բերել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, թիկնապահը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորը, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կինը, Դանիելյանի խորհրդականը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը և այլ պաշտոնյաներ։
Ծաղկաձորում անտառապատ տարածքների սեփականաշնորհման մասին «Հետքի» հրապարակումից հետո քրեական գործ հարուցվեց։ Այն քննվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը ղեկավարում էր Սասուն Խաչատրյանը։ 9 ամիս տևած նախաքննությունը սահմանափակվեց կեղծ աճուրդների փաստն արձանագրելով։ Քննիչի որոշումը հաստատվեց դատախազությունում։ Այդ փուլում գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր։ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում սկսեց դատարանում վիճարկել աճուրդների որոշումները։
Տարիներ տևած դատաքննություններից հետո անտառապատ որոշ տարածքներ վերադարձվեցին պետությանը։ Դրանք Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդներով վաճառվածներն էին, իսկ հողերի մյուս մասը՝ մոտ 50 հեկտարը, օտարվել էր Հրազդան համայնքի ղեկավարի որոշումներով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։