
Սեպտեմբերի 28-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա հետ քննարկում, այդ թվում՝ այլ երկրներում «Ռոսատոմ»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, իսկ հաջորդ օրը Երեւանում հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: Լիխաչովը հրապարակային հայտարարում է, որ Հայաստանին է փոխանցվել 1 ԳՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով էներգաբլոկ կառուցելու առաջարկը՝ ընդգծելով, որ այդպիսի էներգաբլոկներ Ռուսաստանն այժմ կառուցում է Իրանում եւ Հնդկաստանում: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը միայն էներգիայի արտադրության մասին չէ, ոչ էլ անգամ Հայաստանի տնտեսության զարգացման եւ մրցունակության մասին, նոր ատոմակայան կառուցելը Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության մասին է: Սա՝ առանց ավելորդ չափազանցության:
Թուրքիան եւ Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում են, որ Հայաստանը փակի գործող ատոմակայանը՝ իրենց պնդումը հիմնավորելով իբր անվտանգության համար ունեցած մտահոգություններով: Իրականում, Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանում են, որ առանց ատոմակայանի Հայաստանը վերածվելու է իրենցից էներգետիկ կախվածություն ունեցող կցորդի: Ադրբեջանի նախագահ Ալիեւն արդեն հայտարարում է, որ Մեծամորի ատոմակայանի փակվելուց հետո իրենք են ապահովելու Հայաստանի էներգետիկ պահանջարկը: Գործող ատոմակայանը փակելը եւ նոր ատոմակայան կառուցելուց հրաժարվելը եւս մտնում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման նախապայմանների մեջ: Հնարավոր է, որ այդ նախապայմաններից ամենագլխավորն է, ավելի կարեւոր, քան Սահմանադրություն փոխելն ու Անկախության հռչակագրից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի ճանաչումը: Որովհետեւ, եթե Հայաստանն էներգետիկ կախվածության մեջ ընկնի Ադրբեջանից ու Թուրքիայից, մյուս պահանջները կկատարվեն ինքնավար ռեժիմով:
Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցն օրակարգում է արդեն 18 տարի: Առաջին անգամ դրա մասին հայտարարեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2008 թ․ սեպտեմբերին, Ազգային ժողովի իր ուղերձում: Անցած 18 տարիների ընթացքում դրա մասին միայն խոսվել է, բայց որեւէ գործնական քայլ չի արվել: Իբր դեռ պետք է որոշեն, թե որ պետության հետ կամ օգնությամբ են նոր ատոմակայան կառուցելու, որ երկիրն է ավելի ընդունելի առաջարկ անում: Ռուսաստանը միակ պետությունն է, որը կոնկրետ առաջարկ է ներկայացրել՝ նշելով թե՛ կառուցվելիք ռեակտորի մոդելը, թե՛ հզորությունը: Լիխաչովը նույնիսկ հիմնավորեց իրենց առաջարկը՝ ասելով, որ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո Հայաստանի էներգետիկ պահանջարկը կազմելու է 1 ԳՎտ: Լիխաչովը հիմնավորեց նաեւ, որ չնայած տեխնիկապես հնարավոր է գործող կայանի գործունեությունը երկարաձգել մինչեւ 2046 թվականը, ինչի մասին խոսում է Փաշինյանը, բայց դա տնտեսապես արդյունավետ չէ, քանի որ կպահանջի հարյուր միլիոնավոր դոլարներ, այն դեպքում, երբ այդ միջոցները կարելի է ծախսել նոր, ավելի հզոր եւ արդյունավետ ատոմակայան կառուցելու համար: «Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշորեն ակնարկեց, որ աշխատանքները պետք է սկսել հնարավորինս արագ, քանի որ նոր կայանը պատրաստ կլինի միայն 2036 թվականին, այսինքն՝ նոր կայան կառուցելու համար առնվազն 10 տարի է պետք, իսկ 2036-ին ավարտվելու է գործող կայանի գործունեության ժամկետը, իսկ երբ գործող կայանը փակվի, նորն էլ դեռ պատրաստ չլինի, 1 ԳՎտ պակասորդն ինչպե՞ս է բավարարվելու:
Լիխաչովի հետ հանդիպումից հետո կառավարությունը տարածել է մի հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, եւ որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները եւ երաշխիքները»: Թե ինչ է նշանակում «առաջիկայում» ձեւակերպումը, «առաջիկայում»-ն առաջիկա ամիսնե՞րն են, թե՞ առաջիկա տարիները՝ շատ դժվար է հասկանալ:
Բայց կառավարության հաղորդագրության մեջ կա մի այլ երանգ եւս. նախկինում ամերիկացիները եւ եվրոպացիները պնդում էին, որ նոր ատոմակայան կառուցելիս պետք է նկատի ունենալ Ռուսաստանից էներգետիկ անվտանգություն ստանալու առաջնահերթությունը: Բայց ոչ մի ամերիկյան եւ ոչ էլ եվրոպական ընկերություն նոր ատոմակայան կառուցելու առաջարկ չի ներկայացրել, գոնե այնպիսի հրապարակային առաջարկ, ինչպիսին ներկայացրել է Ռուսաստանը: Ավելին, ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ «Ռոսատոմ»-ի ղեկավարն ասում է, որ իրենց կորպորացիան այս պահին 18 նոր էներգաբլոկ է կառուցում Ռուսաստանի տարածքում, եւս 26 էներգաբլոկ՝ արտասահմանում: ՌԴ նախագահը հարցնում է, թե քանի երկրում է ատոմակայան կառուցում «Ռոսատոմ»-ը, Լիխաչովը պատասխանում է՝ 9 երկրում, եւ ավելացնում, որ միջուկային տեխնոլոգիաների արտահանման միջազգային շուկայի 90 տոկոսը պատկանում է «Ռոսատոմ»-ին: Սա եւս Հայաստանին ուղղված ակնարկ է, որ որեւէ այլ երկիր Հայաստանում ատոմակայան չի կառուցի:
Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է նոր ատոմակայան եւ էներգետիկ անկախություն, Թուրքիան եւ Ադրբեջանն առաջարկում են հրաժարվել ատոմակայան կառուցելու ծրագրից եւ հայտնվել Ադրբեջանից ու Թուրքիայից էներգետիկ եւ տնտեսական կախվածության մեջ: Փաշինյանը խոստանում է, որ առաջիկայում որոշում կկայացնի: Հնարավոր է, որ այդ որոշումը հրապարակայնացվի Ռուսաստան նրա՝ առաջիկայում սպասվելիք այցի ժամանակ: Չի բացառվում, որ ՌԴ նախագահը «Ռոսատոմ»-ի ղեկավարին ուղարկել է Հայաստան՝ կոնկրետ առաջարկով եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը պայմանավորել այդ որոշման կայացմամբ: Եթե Փաշինյանը պատրաստ է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել, որ Հայաստանը նոր ատոմակայան է կառուցելու եւ կառուցելու է «Ռոսատոմ»-ի հետ, ապա այդ հանդիպումն իմաստ կունենա եւ կկայանա, եւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած մյուս բոլոր հարցերը եւս հնարավոր կլինի հարթել, այլ պարագայում նման հանդիպման իմաստ ուղղակի չի լինի: