Երեխաների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն


Հայաստան


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։ Ընդ որում, առաջարկվում է որպես որակյալ հանցակազմ սահմանել 12 տարին լրացած, սակայն 16 տարին չլրացած անձի ծառայությունից օգտվելը՝ նախատեսելով ավելի ծանր պատիժ։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նախատեսել երեխայի նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելք։

Նախագծով նաև շտկվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ գործուն զղջալուն վերաբերելի կարգավորումներում առկա իրավական որոշ բացերը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատման արգելք երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում (գործող օրենսգրքում նման արգելք է նախատեսված մարդու թրաֆիքինգի, սակայն ոչ՝ երեխայի թրաֆիքինգի համար):

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, կբացառվի այս դեպքերում քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին:

Հավանություն է տրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։

Օրենսդրական նախաձեռնության նպատակը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է՝ բնագավառի ներկա միջազգային զարգացումներին համարժեք մոտեցումների սահմանման ու մեխանիզմների կիրառման իրավական հիմքեր ստեղծելու միջոցով։ Օրինագծերը մշակվելիս հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Օրինագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի և արդյունավետ կարգավորել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունները։

Օրենքի փոփոխությամբ ակնկալվում է ներդնել կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների պետական հավատարմագրման ու վերահսկողության ընթացակարգեր, ներդնել հեղինակային և հարակից իրավունքների ընդլայնված կառավարման իրավական մեխանիզմ, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Այս փոփոխությունները թույլ կտան բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, սահմանել արդյունավետ պետական վերահսկողություն և ապահովել ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *