Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները

Օրվա օրակարգը գերիշխող կերպով ձևավորել է Սյունիքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպը․ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը վիրավորել է տեղի բնակչուհուն։ Ներքին օրակարգում առանձնացել են կառավարության հավանությանն արժանացած 2027-ի բյուջեն և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վերաբերյալ կայացված դատավճիռը։ Օրվա ընթացքում հայկական մեդիայի հրապարական 2 819 նյութն ուսումնասիրվել է մեդիա մոնիտորինգի վերլուծական գործիքակազմի կիրառմամբ։

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակել է տեղի բնակչուհու վրա և ձերբակալվել — 221 հիշատակում

Փաստեր. ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայող անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ նա հատած լինի Հայաստանի սահմանը. երկու երկրների իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, 112 կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ զինծառայողը՝ Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը, սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել է Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասը, և Ադրբեջանում այդ փաստով քրեական գործ է հարուցվել։ Ըստ գյուղապետի և ականատեսների՝ զինծառայողը մտել է բնակելի տուն և կրակել 38-ամյա կնոջ վրա` նրա երեք երեխաների ներկայությամբ. կինը ինքնապաշտպանվելով դանակով հարվածել է նրան։ Առողջապահության նախարարության և Սիսիանի բժշկական կենտրոնի տվյալներով՝ կինն ունի ազդրի վնասվածք, նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում։ Վնասվածք է ստացել նաև նրա եղբայրը՝ ձեռքի հատվածում։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը օրվա բացարձակ առաջատարն է՝ ժամ առ ժամ թարմացվող մանրամասներով. ԱԱԾ-ի հաստատումից մինչև ադրբեջանական կողմի տվյալները, տուժածի առողջական վիճակն ու բնակիչների պատմությունները։ Զուգահեռ ՊՆ-ն հերքել է Սիսիանում զինծառայողի սպանության մասին տարածված կեղծ լուրը։ Հետաքրքրական է այն, որ իշխանությունները թեմայիս ստիպված եղան արձագանքել այն բանինց հետո, եչրբ լրագրողները ահազանգ հնչեցրին։

Հակասող նարատիվներ.
• Պաշտոնական շրջանակ. ԱԱԾ-ն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր անհետացած զինծառայողի մասին, իրականացվել են համատեղ որոնողական աշխատանքներ, և սահմանախախտն արագ ձերբակալվել է։ Շաքիի վարչական ղեկավարը նույնպես նշել է, որ համապատասխան մարմինները «շատ օպերատիվ» են աշխատել։
• Անվտանգության ձախողման շրջանակ. «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը «բարձիթողի վիճակում են», գյուղացին «այլևս իր տանը պաշտպանված չէ», և պահանջել թափանցիկ հետաքննություն։ Մի շարք հրապարակումներում հարց է բարձրացվել, թե ինչու բնակիչներին չեն զգուշացրել, եթե իշխանությունները սեպտեմբերի 29-ից գիտեին զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին։ ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն թերացում է եղել։
• «Խաղաղության» հարցադրում. Ընդդիմադիր գործիչներից մի քանիսը միջադեպը հակադրել են կառավարության խաղաղության հռետորաբանությանը. Էդգար Ղազարյանը ձևակերպել է, որ ժամանակին սա կոչվում էր «դիվերսիոն ներթափանցում», իսկ հիմա, հավանաբար, «ռազմական զբոսաշրջություն»։
• Փոխանակման պահանջ. Նարեկ Կարապետյանը զգուշացրել է իշխանություններին չփորձել ձերբակալվածին հանձնել Ադրբեջանին, իսկ Իշխան Սաղաթելյանը և վերլուծաբան Արմեն Այվազյանը պնդել են, որ նրան պետք է փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։

2. Կառավարությունը հավանություն է տվել 2027-ի բյուջեի նախագծին. նվազագույն կենսաթոշակը կբարձրանա մինչև 1000 դրամով, սոցփաթեթը կդադարի — 149 հիշատակում

Փաստեր. Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին, որն ուղարկվելու է Ազգային ժողով։ Պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, պակասուրդը՝ շուրջ 468,2 մլրդ դրամ, որի ֆինանսավորման համար կներգրավվի մոտ 187,5 մլրդ դրամ ներքին և 280,7 մլրդ դրամ արտաքին միջոց։ Կառավարությունը 2027-ի համար ակնկալում է 5,8% տնտեսական աճ։ Պաշտպանական ծախսերը կավելանան 47 մլրդ դրամով՝ 566-ից հասնելով 613 մլրդ դրամի։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նվազագույն կենսաթոշակը 46 000-ից կբարձրանա 47 000 դրամի, տարատեսակ նպաստները կհասնեն մինչև 47 000 դրամի, իսկ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում կլինի 500 դրամ բարձրացում։ Միաժամանակ թաղման նպաստը կստանան միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիները, իսկ սոցիալական փաթեթի ծրագիրն ավարտվում է. արդեն կուտակված գումարները կարող են օգտագործվել կառավարության հատուկ որոշմամբ սահմանվելիք ուղղություններով։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լրատվամիջոցները բյուջեի մակրոթվերից ավելի շատ անդրադարձել են քաղաքացիներին ուղղակիորեն վերաբերող փոփոխություններին. վերնագրերում շեշտը դրվել է հատկապես սոցփաթեթի դադարեցման և թաղման նպաստի սահմանափակման վրա, կենսաթոշակի 1000 դրամ բարձրացման կողքին։

3. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման — 74 հիշատակում

Փաստեր. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, Էդգար Ղազարյանին դատապարտել է 2 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան։ Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը պահանջել էր 2 տարի 6 ամիս ազատազրկում և լրացուցիչ պատիժ՝ 3 տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Հրապարակված տվյալներով՝ գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների մասին Ղազարյանի հրապարակումներին, մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածին։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ դատավճիռը կբողոքարկվի։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսաբանման մեծ մասը կառուցվել է դատախազի պահանջի և դատարանի վճռի տարբերության շուրջ, մասնավորապես այն փաստի, որ դատախազի պահանջը բավարարվելու դեպքում Ղազարյանը կզրկվեր պատգամավորի մանդատից։

Հակասող նարատիվներ.

• Մեղադրող կողմ. Դատախազությունը պնդել էր ազատազրկման և հանրային գործունեության արգելքի վրա, դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ։
• Քաղաքական հետապնդման շրջանակ. Ղազարյանը հայտարարել է, որ իրեն «ուզում են քաղաքականապես մեկուսացնել», և որ մեղադրանքը վերաբերում է բացառապես խոսքին և կարծիք արտահայտելուն։ Պաշտպանը նշել է, որ դատախազի պահանջը բավարարելը կնշանակեր «քաղաքական հակառակորդների մեկուսացում»։ Ընդդիմադիր գործիչներ Նաիրա Զոհրաբյանը և Գևորգ Պետրոսյանը նրան բնութագրել են՝ որպես քաղաքական հալածյալ, իսկ որոշ հրապարակումներում ընդգծվել է, որ գործով «ոչ տուժող կա, ոչ վկա»։

4. Բաքվում պահվող Դավիթ Բաբայանն ուղերձ է հղել բանտից. ներկայացվել են վճռաբեկ բողոքներ — 32 հիշատակում

Փաստեր. Բաքվում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բանտից փոխանցած ուղերձում հայտնել է իրենց դատական գործընթացի երկու զարգացման մասին. ամսի 18-ին նրանց տրամադրվել են վերաքննիչ դատարանի վճիռները՝ 47 հատոր ընդհանուր ծավալով էլեկտրոնային տարբերակով, առանց ստորագրության և պաշտոնական նմուշի, իսկ երեք անձի պաշտպաններ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան։ Բաբայանը նշել է, որ սա «լոկ դատավարություն չէ» իրենց նկատմամբ, այլ դատավարություն հայ ժողովրդի և միջազգային իրավունքի նկատմամբ։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Ուղերձը լայնորեն վերարտադրվել է, և հատկապես Շաքիի միջադեպի ֆոնին այն մեդիայում կապվել է Բաքվում պահվող հայերի հարցին։ Նույն օրը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ծնողների կողմից ձեռք բերված 1254 նամակը փոխանցվել է կառավարությանը։

5. Փաշինյան. ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ դեռ չենք ստացել — 25 հիշատակում

Փաստեր. Կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ կառավարությունը ռուսական գազի թանկացման մասին որևէ ազդակ չի ստացել։ Նրա խոսքով՝ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում ոչ միայն այդ, այլև այլ հարցերի հետ կապված։

Մեդիայի ուշադրության կենտրոնում. Հայտարարությունը մեդիայում լուսաբանվել է՝ որպես պատասխան գազի հնարավոր թանկացման վերաբերյալ շրջանառվող սպասումներին՝ ռուսական կողմից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների և վառելիքի գների աճի ֆոնին։

ՕՐՎԱ ԹՈՓ ՄԵԴԻԱ-ԴԵՄՔԵՐԸ

• Նիկոլ Փաշինյան — վարչապետը եղել է օրվա ամենահիշատակվող դեմքը՝ կառավարության նիստի, ռուսական գազի, սեպտեմբերի 27-ի մասին վիճահարույց հայտարարությունների և Շաքիի միջադեպի շուրջ ընդդիմության քննադատության համատեքստում։

• Էդգար Ղազարյան — պատգամավորի դատավճիռը և նրա մեկնաբանությունը Շաքիի միջադեպի մասին լայն տարածում են գտել։

• Արսեն Թորոսյան — աշխատանքի և բարեկեցության նախարարի հայտարարությունները կենսաթոշակների, թաղման նպաստի և սոցփաթեթի մասին դարձել են բյուջետային թեմայի ամենաքննարկված մասը։

• Նարեկ Կարապետյան — «Ուժեղ Հայաստանի» ղեկավարի զգուշացումը չհանձնել ադրբեջանցի զինծառայողին Բաքվին լայնորեն շրջանառվել է։

• Դավիթ Բաբայան — Բաքվի բանտից Արցախի նախկին արտգործնախարարի ուղերձը օրվա տեսանելի թեմաներից էր։

ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ

• Փաշինյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի մասին «որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել»՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ի տարելիցի շուրջ իրեն ուղղված քննադատությանը։

• Փաշինյանը հայտարարել է, որ կիսում է ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները, իսկ Լևոն Քոչարյանը ԵԽԽՎ-ում ելույթում պնդել է, որ Հանրային հեռուստաընկերությունն «ակնհայտ կողմնակալ է»՝ հօգուտ իշխանության։

• ՊՆ-ն հայտնել է, որ պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել, և դեպքը կապ չունի Սիսիանի զորամասի հետ. նախարարությունը հերքել է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրը։

• Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին և ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ղեկավարին։

• Վերացվել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը։

• Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

• Flydubai-ը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ սեպտեմբերի 30-ի միջադեպից հետո։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Flydubai-ի FZ1073 չվերթի չորս ուղևորի կներկայացնի «Քաղաքացիական հերոսության համար» նախագահական պարգևի։
• Axios-ի տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունն անհապաղ լքի երկիրը։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Հայաստանն առաջին անգամ գերազանցության մեդալ է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում, որտեղ երկիրը ներկայացված էր նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։
• ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանն արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում։
• Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բացօթյա համերգով մեկնարկել է իր 85-րդ հոբելյանական թատերաշրջանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *