«Հրապարակ»․ ԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում օրերս կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման նախագիծը։ Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական Foster+Partners ընկերությունն է։ Նախագիծը գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում երրորդ անգամ` նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել եւ կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։ Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը եւ լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը, որոնք կարող են նպաստել Երեւանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի եւ անցուդարձի բարելավմանը, ինչպես նաեւ՝ Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է նախագիծը եւ նախորդ քննարկումների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

Քննարկման ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Ճարտարապետ, Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը գիտամեթոդական խորհրդի կազմում ընդգրկված է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի իրենք նախագիծը մերժել են, քանի որ այն նախատեսում էր շենքը մեծ փոփոխությունների ենթարկել, սակայն այժմ ընդունել են եւ հետագայում հետեւելու են աշխատանքներին. «Մեր պահանջն այնպիսին էր, որ շենքը որեւիցե արտաքին փոփոխության չենթարկվի, որովհետեւ այն հուշարձան է, եւ հետո՝ ներքին փոփոխություններն էլ պետք է չնչին լինեն կամ ընդհանրապես չլինեն: Պատկերացրեք` մեկ տարի առաջ մեզ չբավարարած նախագիծն այս անգամ բավարարեց, բոլոր խնդիրները լուծված էին, թեպետ հետագայում նորից պետք է մեզ ցույց տան իրենց աշխատանքը` փուլ առ փուլ: Նախորդ տարի ցանկանում էին ներքին ստրուկտուրան փոխել, քանի որ այդ շենքը դժվար է հարմարեցնել հյուրանոցային կոմպլեքսին: Շատ աշխատատար աշխատանք է, սակայն հետո մասնագետների հետ աշխատանք են կատարել, եւ հիմա ներքին մեծ փոփոխություններ էլ չեն արվելու: Ցանկանում են հյուրանոց սարքել, բարձրակարգ հյուրանոց է, հավանաբար, լինելու: Շենքը չի կորցնելու իր ճանաչելիությունն ու արժեքը: Ներքին փոփոխություններն էլ լինելու են, օրինակ, աստիճանավանդակների հետ: Մասնավոր ընկերություն է պրոյեկտն իրականացնելու, իրենք են որոշում, թե ինչ մասնագետների ծառայություններից օգտվեն եւ այլն, սակայն մեզ պարբերաբար պետք է տեղյակ պահեն իրենց աշխատանքի մասին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *