«Աղոթքի նախաճաշին» ՀԱՍԵ-ից երկու հոգևորական է մասնակցում

Armat Media-ին հայտնի դարձավ, որ «Աղոթքի նախաճաշին» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց մասնակցում են երկու հոգևորական․ Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ 

Նշենք, որ այս օրերին Երևանում տեղի է ունենում «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովը։ 

Միջոցառման կազմակերպիչները համաժողովը ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։ Երկօրյա հավաքին, ըստ կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության, մասնակցելու են Հայաստանից և ևս 32 երկրներից պետական կառավարման, դիվանագիտական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը նախատեսվում է շուրջ 300 անձի մասնակցություն։

Միջոցառման պաշտոնական ծրագրի համաձայն՝ հիմնական աղոթքի նախաճաշի հետ մեկտեղ նախատեսվում են փորձագիտական քննարկումներ, թեմատիկ ֆորումներ և հանդիպումներ։ Ծրագրում ներառված է նաև ՀՀ վարչապետի կողմից հյուրընկալվող պաշտոնական ընթրիք, ինչպես նաև այցելություն Սուրբ Էջմիածին և հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ։ Մայր Աթոռից ասել են, որ մասնակցության հրավեր ստացել են, և միջոցառմանը կմասնակցեն Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներ։ Թե ովքեր, չեն մասնավորեցրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *