Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը – Հրապարակ

Երբ պետական կառույցները, իշխանությունը դադարում է իր պարտականությունները կատարել, հասարակությունը ստիպված իր վրա է վերցնում այդ պարտականությունների կատարումը: Շաքի գյուղի միջադեպում, օրինակ, իրավապահների պարտականությունն իր վրա վերցրեց այդ ընտանիքի մայրը` վնասազերծելով զինված հրոսակին: Իսկ 2-3 օր նրան փնտրող իրավապահներն այս օրերին ի ցույց դրեցին իրենց անկարողությունը`պետականորեն իրենց վրա դրված պարտականությունները կատարելու գործում, ինչի համար նրանց հանրային միջոցներից բարձր աշխատավարձեր են վճարում: Երեկ ոմանք ասում էին` հիմա յուրաքանչյուր հայ մարդ պետք է աչալուրջ լինի, հետախույզ ու ոստիկան աշխատի և կասկածելի անձ նկատելիս` անմիջապես դիմի իրավապահներին: Սա ևս նշանակում է իրավապահ համակարգի ֆունկցիաների ստանձնում:

Ուրիշ հարցերում ևս հանրությունը նախաձեռնությունը վերցրել է իր վրա: Օրինակ, եթե իշխանության մեջ չկան ադեկվատ մարդիկ, որոնք կհասկանային, որ սեպտեմբերի 19-ին կամ 27-ին պետք էր ցավակցության խոսքեր ուղղել հանրությանը և տարրական հարգանք դրսեւորել զոհերի հարազատների հանդեպ եւ Հանրային հեռուստատեսությամբ համերգ չհեռարձակել, հասարակ մարդիկ իրենց վրա վերցրին այդ գործը և այդ պարզ բանը «բացատրեցին» նրանց:

Մեր փրկությունն այս նախաձեռնողականությունը մեծացնելու մեջ է` երբ հասարակությունը կամաց իր ձեռքը վերցնի ապաշնորհ չինովնիկների անելիքը, կամ սկսի նրանց «դաստիարակել»` մատնացույց անելով իրենց բացթողումներն ու հուշելով անելիքը: ՀէՑ-ը կամ Վեոլիա-ջուրը վա՞տ են աշխատում` պետք է պատժել, դաս տալ նրանց: Քաղաքապետարանը իր պարտականությունները չի՞ կատարում, պիկետներ է պետք անել Ավինյանի պատուհանների տակ: Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ հայտարարությո՞ւնն է արել` համազգային աղմուկ է պետք բարձրացնել ու նրա հրաժարականը պահանջել: Մեր ճակատագիրը մենք պետք է մեր ձեռքը վերցնենք, որ քայլ քայլ շարժվենք առաջ, այլ ոչ թե գնանք կորուստների ու նահանջի ճանապարհով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *