
Կառավարությունը նոր փոփոխություն է առաջարկում պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանված հատուկ կենսաթոշակի վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում է հստակեցնել այն դեպքերը, երբ նախկին պաշտոնյան կարող է զրկվել այդ վճարումից։
Ներկայում գործող օրենսդրությամբ հատուկ կենսաթոշակի իրավունքը կարող է դադարեցվել, եթե պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարման ժամանակ կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։
Առաջարկվող փոփոխությամբ այս դրույթը կվերաբերելու է միայն դիտավորյալ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններին։ Այսինքն՝ եթե անձը նման ծանրության հանցագործության համար դատապարտվել է, սակայն այն կատարվել է անզգուշությամբ, միայն այդ հանգամանքը այլևս բավարար չի լինի հատուկ կենսաթոշակից զրկելու համար։
Փոփոխության արդյունքում առանձնացվելու է հանցագործության կատարման դիտավորության հանգամանքը՝ տարբերակելով դիտավորյալ և անզգույշ արարքների համար նախատեսվող իրավական հետևանքները։
Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու վերաբերյալ գործող կարգավորումն ընդունվել է գործող իշխանության պաշտոնավարման տարիներին: