
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացնում Հակակոռուպցիոն դատարան՝ Արթուր Օհանյանին կալանավորելու վերաբերյալ։
Ավելի վաղ գրել էինք, որ խոսքը նախընտրական շրջանում քաղաքացուն ենթադրյալ կաշառք տալու մասին է։ Բացի նրանից, ձերբակալվել է նաեւ քաղաքացին` ենթադրյալ կաշառք վերցնողը։
Հակակոռուպցիոն կոմիտեին դեպքի վերաբերյալ հարցրինք, փոխանցեցին. «Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն»։
Նշենք, որ համապետական ընտրությունների ժամանակ գաղտնալսել են նաեւ Օհանյանին ,ով իբր քաղաքացիներից մեկի հետ հեռախոսազրույցում պաշտոն է խոստացել իրենց իշխանություն գալու դեպքում։