Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախատեսում է այս ամսվա վերջին այցելել Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցելու համար։ Եթե այցը կայանա, այն կլինի Կանադայի վարչապետի առաջին առանձին այցը Թուրքիա։
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն հուլիսին մեկնարկած ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, ինչպես նաև էներգետիկայի, միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում հնարավոր համագործակցությունը։
Այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Քարնին ձգտում է նվազեցնել Կանադայի կախվածությունը ԱՄՆ-ի հետ առևտրից և առաջիկա տասնամյակում կրկնապատկել այլ երկրների հետ առևտրի ծավալը։
Ներկայումս Կանադայի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի ծավալը համեմատաբար փոքր է և 2025 թվականին կազմել է 4,34 միլիարդ կանադական դոլար։