
Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքը կորոշվի երկրորդ փուլով, հայտարարել է երկրի Գերագույն ընտրական դատարանը։ Հավակնորդներն են գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն։
BBC-ի հաղորդմամբ՝ գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին Լուլային գերազանցում է մոտ երկու տոկոսային կետով։
Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 50%-ը, սակայն թեկնածուներից ոչ մեկին դա չհաջողվեց։ Երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Քվեաթերթիկների 98.64%-ի հաշվարկից հետո Ֆլավիո Բոլսոնարոն ստացել էր ձայների 47.27%-ը, իսկ Լուլան՝ 44.88%-ը։
Լուլան արդյունքը անսպասելի է անվանել. «Խոստովանում եմ՝ համոզված էի, որ կհաղթեմ առաջին փուլում։ Խաղը նոր է սկսվում։ Մենք ունենք լրացուցիչ ժամանակ, և այս լրացուցիչ ժամանակում մենք բրազիլացի ժողովրդին կգրավենք մեր կողմը»։
Բրազիլիայի նախագահը առաջին փուլի արդյունքը անվանել է «ժողովրդավարության դաս» և կոչ արեց իր կողմնակիցներին միավորվել։
Իր հերթին, Բոլսոնարոն հայտարարել է, որ շատ գոհ է «իրական հնարավորությունից, որ երեք շաբաթից Բրազիլիան կունենա վերջնական պատասխան՝ ընտրելով ժամանակակից կառավարություն», նրա խոսքերը մեջբերել է AFP-ն։