
Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ երկրի արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել երկրի զարգացման ուղղությունը։ Համոզված եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի համար ամենավատը, ինչ կարող է տեղի ունենալ, նոր Ուկրաինայի վերածվելն է», — ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։
«Այո՛, այժմ առանձին պետություններ փորձում են ինչ-որ գործընթացներ հրահրել։ Մենք զգուշությամբ հետևում ենք այդ զարգացումներին», — նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Մեդվեդևը նաև անդրադարձել է Վրաստանի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ նախկինում Արևմուտքը Թբիլիսիին առաջարկում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար, սակայն, նրա գնահատմամբ, դրանից «ոչ մի լավ բան չստացվեց»։
Նրա խոսքով՝ այժմ նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստանում։ Միաժամանակ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է իր տարածաշրջանային խնդիրներով, այդ թվում՝ Կովկասում։