ՀՀ ԱԳՄԱ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը X–ում կատարված գրառման մեջ օգտագործել է Իրանի՝ մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունն օգտագործվող պետական դրոշի էմոջին, որն այսօր լայնորեն կիրառվում է իրանական ընդդիմադիր շարժումների կողմից։
«Հայաստանի ԱԳՄԱՆ-ն Իրան կատարելիք առաջիկա պաշտոնական այցի մասին գրառման մեջ օգտագործել է 1979 թվականից առաջ եղած Իրանի դրոշի էմոջին (որը օգտագործվում է շահամետ շրջանակների կողմից)․ շատ զգայուն էմոջի է նման գրառման մեջ ներառելու համար և լավագույնը չէ երկկողմ հարաբերությունների համար…»,– նկատել են X-ի օգտատերերը։
Իրանում 1979 թվականի հեղափոխությունից հետո միապետական բոլոր խորհրդանիշները, այդ թվում՝ Առյուծն ու Արևը, հեռացվեցին դրոշից։ 1980 թվականին այն փոխարինվեց ներկայիս դրոշով, որի կենտրոնում պատկերված է Իսլամական Հանրապետության զինանշանը։ Այսօր 1979 թվականից առաջվա դրոշը լայնորեն օգտագործվում է շահամետ շրջանակների և ընդդիմադիր շարժումների կողմից՝ որպես Իրանի ազգային ինքնության խորհրդանիշ։