Երբ Երևանի բարձունքից քաղաքին «նայում էր» Ստալինը (լուսանկարներ)

Հայրենական պատերազմի ավարտից և մեծ հաղթանակից հետո  Երևանում սկսվեց իրագործվել այդ շրջանում ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի արձանը տեղադրելու գաղափարը: Այդ ծրագիրը կյանքի կոչեցին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու քանդակագործ Սերգեյ Մերկուրովը: Կարճ ժամանակում կառուցվեց հուշարձանն ու 1950 թվականի հոկտեմբերին բացվեց այն:

Բրոնզե արձանի բարձրությունը կազմում էր 16 մետր, իսկ պատվանդանի հետ միասին չափերը հասնում էին 50 մետրի:

Հուշարձանը կառուցվում է այն ժամանակ Ստալինի անունը կրող պողոտայում՝ բարձրադիր վայրում: Արձանը տեսնելու համար ԽՍՀՄ տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ, մշակութային և  քաղաքական գործիչներ: 1961 թվականին Հայաստան է այցելում նաև ռուս գրող Վասիլի Գրոսմանը: Իր Հայաստան այցի մասին գրողը պատմում է իր հուշերում՝ մանրամասն ներկայացնելով Երևանում տեղադրված Ստալինի արձանը և չթաքցնելով իր հիացմունքը: «Երևանի վրա՝ բլրի գագաթին, կանգնած է Ստալինի հուշարձանը։  Որ կողմից էլ նայես՝ երևում է հսկա բրոնզե մարշալը։ Եթե հեռավոր մոլորակից ժամանած տիեզերագնացը տեսներ Հայաստանի մայրաքաղաքի վրա բարձրացող այս բրոնզե հսկային, նա անմիջապես կհասկանար,  որ սա մեծ ու ահեղ տիրակալի հուշարձանն է։ 1961 թվականի նոյեմբերի 7-ի երեկոյան ես իմ երևանցի երկու ծանոթների հետ բարձրացա այն բլուրը, որտեղ գտնվում էր Ստալինի հուշարձանը։ Արևը մայր էր մտնում։   Մենք նստած էինք փոքրիկ ռեստորանում և նայում էինք Արարատի վարդագույն ձյուներին։ Խոսակցությունը Ստալինի մասին էր։ Երբ մթնեց, սկսվեց հրավառությունը՝ Հոկտեմբերյան հեղափոխության 44-րդ տարեդարձի պատվին։ Ես մթության մեջ մոտեցա Ստալինի հուշարձանին։ Տեսարանը, որը տեսա, իսկապես ցնցող էր։  Տասնյակ հրետանային հրանոթներ կիսաշրջանաձև կանգնած էին հուշարձանի ստորոտում։ Յուրաքանչյուր համազարկի ժամանակ հրանոթների երկար բոցը լուսավորում էր շրջակա լեռները, և Ստալինի հսկա կերպարը հանկարծ  դուրս էր գալիս խավարից»: (Гроссман В. С.   «Добро вам! (Из путевых заметок)»,  1988, С. 52):

Ստալինի մահից մոտ մեկ տասնամյակ անց՝ 1962 թվականին, երբ ԽՍՀՄ-ում սկսվեց Ստալինի անձի պաշտամունքի դեմ պայքար, Երևանում հանվեց Սերգեյ Մերկուրովի քանդակած արձանը: 1967 թվականին պատվանդանի վրա տեղադրվեց քանդակագործ Արա Հարությունյանի Մայր Հայաստան հուշարձանը: Որը համարվում է Հայաստանի և Երևանի կարևորահույն խորհրդանիշներից մեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *