Հայաստանի և Խորվաթիայի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնումը

Սեպտեմբերի 29-ին Խորվաթիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրինության տնօրեն Իրենա Ալայբեգի հետ:

Այդ մասին տեղեկացնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:

«Դեսպան Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ ընդունված կարգավորման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է նաև Խորվաթիայի Տնտեսական պալատի բիզնեսի միջազգայնացման կենտրոնի տնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալյիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական կապերն աշխուժացնելու և բիզնես համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *