«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։
Ըստ հայտարարության՝ «Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին ապագա հնարավոր բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել լայն շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝ «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի։
««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից: Կառույցը բարդ արդյունաբերական վայր է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի տարածքների մոտ: Բարդ օբյեկտները պահանջում են համալիր աշխատանք՝ տեղանքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և երկարաժամկետ մոնիթորինգ», – հայտնել են կառույցից:
2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի մեջ մտնող ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, իր սեփական միջոցներով անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները: