
Մի շարք ընդդիմադիր ուժեր երեկ հայտարարեցին նոր՝ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժման ստեղծման մասին։ Շարժման հիմնադիրներն են «Առաջ», «Զարկերակ» եւ «Նժար» քաղաքական նախաձեռնությունների առաջնորդները։ «Նժարի» հիմնադիրներից Արտաշես Իկոնոմովը նշեց, որ նախաձեռնության հիմնումը պայմանավորված է Հայաստանում ստեղծված «խոր քաղաքական, իրավական եւ բարոյական ճգնաժամով»։ Ըստ նրա՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում ժողովրդի կամքը, այլեւ «ապօրինի հետապնդումներ են կատարում ընդդիմության նկատմամբ եւ հակասահմանադրական արշավ ծավալում Հայ առաքելական եկեղեցու դեմ»։ «Մեր նպատակն է՝ խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Շարժումն առաջնորդվելու է ոչ թե մեկ անձի, այլ առաջնորդների թիմի կողմից»,- ասել է նա՝ կոչ անելով «Հայաստանի եւ Սփյուռքի հայրենասեր ուժերին՝ միավորվել մեկ բռունցքի մեջ»։ Նորաստեղծ շարժման ծրագրով նախատեսվում է իշխանափոխություն անել եւ 360 օր ժամկետով ձեւավորել ժամանակավոր անցումային կառավարություն։ «Մոտակա երկու ամսվա ընթացքում միավորված ընդդիմության անունից կձեւավորվեն եւ ձեզ կներկայացվեն կառավարության բոլոր անդամների անունները։ Այս կառավարության անդամները կլինեն մեր թիմակիցները՝ ըստ իրենց մասնագիտությունների եւ հմտությունների։ Անպայման չէ, որ նրանք լինեն առաջնորդների թիմից»,- նշեց Իկոնոմովը։ Անցումային կառավարության առջեւ դրվելու է գլխավոր առաջնահերթություն։ Մենք զրուցել ենք Նինա Կարապետյանցի հետ, որն այս շարժման նախաձեռնողներից է:
– Ասուլիսի ժամանակ նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանին ուզում եք հեռացնել, նախկին երեք նախագահներին էլ հորդորեցիք քաղաքականությամբ չզբաղվել: Իսկ նախկին նախագահներն ինչո՞վ են այս փուլում խանգարում իշխանափոխություն իրականացնելուն:
– Մենք ունենք նաեւ մեր քայլերի հերթականությունը, թե ինչպես ենք դա պատկերացնում: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, եւ երկրում պետք է համակարգային փոփոխություններ լինեն: Համակարգային փոփոխություններ՝ առանց Նիկոլի հեռանալու հնարավոր չէ իրականացնել, իսկ եթե համակարգային փոփոխություններ չարվեն, ապա նրա հեռացումն անիմաստ է, որովհետեւ այն համակարգը, որ գոյություն ունի հիմա, նոր դիկտատորներ է ծնելու: Լավագույն դեպքում` դիկտատորներ, վատագույն դեպքում` դեգեներատ դիկտատորներ, եւ պետությունը, այսպես թե այնպես, քայքայման ճանապարհով են տանելու: Մեր հիմնական ծրագիրը ներառում է` նախ Փաշինյանի հեռացում, ապա համակարգային փոփոխություններ: Նախկին նախագահները՝ իրենց բոլոր դրական եւ բացասական դերակատարումներով, պետք է հեռանան: Մենք խոսեցինք նաեւ սերնդափոխության մասին, այն շատ կարեւոր է, կարեւոր է նաեւ հենց իրենց թիմակիցների համար: Որովհետեւ իրենց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ամեն անգամ հանգեցնում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է: Շատ կարեւոր է, որ մեր հասարակության մեջ առկա այս պառակտմանը վերջ դրվի: Այս փոփոխվող աշխարհում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը կարող է էլ ավելի լարվել, չենք կարող շարունակ թշնամանալ միմյանց դեմ, պառակտվել եւ այլն: Մենք կարող ենք ունենալ քաղաքական տարաձայնություններ, բայց հայը հային երբեք չի ատել այնքան, որքան հիմա: Պետք է պետության կառավարման համակարգն այնպես փոխել, որ այլեւս երբեք փաշինյանները հնարավորություն չունենան իշխանության գալու, իսկ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ապա իշխանության տարանջատման այնպիսի մոդել է հարկավոր, որ արագ այդ ամենը կանխվի: Ազգային արժեքների ինստիտուտի ստեղծում է նաեւ հարկավոր, որը հնարավորություն կտա քաղաքական էլիտա ձեւավորելու, որոնք կտարբերվեն կուսակցականներից:
– Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանափոխությունը: Օրինակ` փողոցային պայքար նախատեսո՞ւմ եք:
– Անպայման, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ: Մենք վստահ ենք, որ միայն փողոցային պայքարը բավարար չէ: Ժամանակավոր կոալիցիոն կառավարություն է հարկավոր, բայց դրա համար պետք է լիազորություն լինի Ազգային ժողովից, ինչն առանց փողոցի հնարավոր չէ: Կարճ ասած` փոխկապակցված են: Մենք այս 35 տարիներին բազում խնդիրներ ենք ունեցել, սակայն հայ մարդու արժանապատվությունը երբեք այսքան նվաստացած չի եղել, ինչպես այսօր: Ոչ մի իշխանություն մեր արժանապատվությունն այսքան չի նվաստացրել:
– Բայց նախկին նախագահների ֆակտո՞րը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը: Հունիսի 7-ի ընտրություններին երրորդ նախագահը չմասնակցեց, իսկ առաջին նախագահն այնքան անկարեւոր համարեց, որ անգամ ընտրության չգնաց: Նիկոլ Փաշինյանը դիմեց բազմաթիվ ընտրակեղծիքների, անգամ 60 հազար քվե ոչնչացվեց:
– Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր ռեժիմով եւ հանցավոր վարքագծով խնդիր է եւ ենթակա է հեռացման, բայց նաեւ սոցհարցումները ցույց են տալու, որ շատերն ընտրում են հենց նրան` նախկին իշխանությունների վերադարձը կանխելու նպատակով: Մարդիկ նախկին իշխանությունների վերադարձը չեն ցանկանում, տարբեր հաշվարկներ, տարբեր թվեր են ցույց տալիս, եւ այդ պրոցեսը պետք է կասեցնել: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքից վերցնելու: Ընդդիմության շարքերում կան շատ լավ երիտասարդ կադրեր, որոնք պետք է իրենք զբաղվեն քաղաքական հարցերով, նոր էջից: Մի օր այդ ամենը պետք է կասեցվի: Մենք չենք կարող հարատեւ ապրել անցյալով, բայց քանի դեռ խաղի մեջ են նախկին նախագահները` ձեր ժամանակ կրակեցին, գողացան, թալանեցին եւ այլն, Փաշինյանը չի հեռանալու: