
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, բայց նրան եւս երեք վիրահատություն է սպասվում` բժիշկները պայքարում են նրա ոտքն անդամահատումից փրկելու համար: Մենք զրուցել ենք Շաքիի հարեւան գյուղերի վարչական ղեկավարների հետ:
Աշոտավանի ղեկավարը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգական միջադեպին, նշեց. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապային տրամադրություն չկա»: Ինչ վերաբերում է գյուղացիների պաշտպանվածության հարցին, նկատեց. «Պաշտպանվելու համար բանակ կա, բան կա, սահմանապահ զորքեր կան, գյուղացին ի՞նչ պետք է անի: Հիմա գլուխս խառն է, էդ շուն պահելու մասով բան չեմ կարա ասեմ, բայց կարամ ասեմ, որ ամեն բան նորմալ է, ոչ մի փոփոխություն չկա մեր առօրյա կյանքում: Ամեն դեպքում, եթե նման դեպքեր են լինում, մեր կոչերի խնդիրը չի»: Շուն պահելու առաջարկը, հիշեցնենք, Անգեղակոթի վարչական ղեկավարն էր արել: Լծենի վարչական ղեկավարն էլ ասաց. «Մեր գյուղը սահմանից հեռու է, լուրջ խնդիրներ չկան էս պահին: Մենք Շաքի գյուղից մոտ 30 կիլոմետր հեռու ենք: Մեր գյուղում խուճապ չկա»: