Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի


Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

Նրա խոսքով՝ ուսումնասիրության առարկա են հնարավոր բոլոր վարկածները՝ դիտավորությունից մինչև պատահականություն։ «Իմ փորձառությունն ինձ հուշում է, որ ցանկացած վարկած պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել։ Պետք է ամբողջական քննություն իրականացվի, որպեսզի բացառենք բոլոր վտանգավոր մտադրությունները, որոնք կարող է հակառակորդը ունեցած լինի»։ Նա ընդգծել է նաև սահմանապահ զորքերի ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ համակարգը միանգամից չի կարող ամբողջությամբ կայանալ։ Խոսքը, ըստ նրա, միայն զինված անձնակազմի մասին չէ, այլ նաև տեխնիկական և մշտադիտարկման համակարգերի։

 

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի զինծառայողին հետագայում հանձնել Ադրբեջանին, Քոչարյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ պետք է առաջնորդվել հարուցված քրեական գործի ընթացքով և իրավական գործընթացներով։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախկինում եղել են ադրբեջանցի զինծառայողների փոխանակման դեպքեր։

 

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, ընդգծել է, որ այս փուլում անհրաժեշտ է նախ ստանալ քննության արդյունքները և հասկանալ՝ որտեղ է տեղի ունեցել անվտանգության համակարգի թերացումը, ինչու է հնարավոր դարձել զինված ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Հայաստանի տարածք, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման դեպքերը հետագայում բացառելու համար։

 

armradio.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *