Թուրքիան այս տարեսկզբին Ուկրաինային մատակարարել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Կիեւին թույլ տալով փորձարկել նոր արտադրանքն ու ամրապնդել իր կարողությունները, գրում է Middle East Eye— ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ Ուկրաինան ներմուծել է թուրքական արտադրության Korkut հակաօդային պաշտպանության փոքր թվով համակարգեր, որոնք սովորաբար բաղկացած են երեք մեքենայից՝ սպառազինության համակարգով եւ կառավարման ու հրամանատարական մեկ մեքենայից։ Աղբյուրները հրաժարվել են հայտնել, թե քանի միավոր է տեղակայվել ռազմաճակատում։
Aselsan ընկերության արտադրած Korkut-ը օդային թիրախները խոցելու համար օգտագործում է հակաօդային պաշտպանության հրանոթներ, այդ թվում՝ թեւավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք Ուկրաինայի պատերազմում դարձել են մշտական սպառնալիք։
«Korkut-ը բավական հաջող է դիմակայել [ռուսական] հարձակումներին»,- MEE-ին հայտնել է ուկրաինացի պաշտոնյան, որը չի ցանկացել անունը հրապարակեն։
Ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ թուրքական պաշտպանական բազմաթիվ ընկերություններ այժմ աշխատում են ուկրաինական բանակի հետ՝ իրենց զենքերը փորձարկելու եւ համակարգերի հնարավորությունները բարելավելու համար։