Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

ԱԺ-ում թեժ բանավեճ ծավալվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև՝ եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի իրավական հիմքերի շուրջ։

Գրիգորյանը, դիմելով Ռուբինյանին, նախ քննադատեց նրա՝ հայերենի իմացության շուրջ նախկինում հնչեցված շեշտադրումները՝ հակադրելով լեզվական գիտելիքը իշխանության կառավարման արդյունքներին։

«Ձեր հայերենի գերազանց իմացությունն ի՞նչ նշանակություն ունի, եթե ձեր կառավարման տարիներին Արցախը հանձնվել է, իսկ ադրբեջանցին գալիս ու վնասում է մեր հայրենակցին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Այնուհետև Գրիգորյանն անդրադարձավ օրակարգում ընդգրկված՝ եկեղեցու ներքին հարցերին առնչվող քննիչ հանձնաժողովի թեմային։ Նրա գնահատմամբ՝ նման հանձնաժողովի ձևավորումը հակասում է Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը, քանի որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։

Ընդդիմադիր պատգամավորը պահանջեց իշխանությունից հիմնավորել, թե իրավական ինչ հիմքով է Ազգային ժողովը քննարկում եկեղեցու ներքին հարցերը։ Նա վկայակոչեց կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության համապատասխան դրույթը, ըստ որի՝ եկեղեցին անջատված է պետությունից, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին։

Գրիգորյանի խոսքով՝ այդ պայմաններում եկեղեցու ներքին հարցերի ուսումնասիրության նպատակով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի գործունեությունը դուրս է Ազգային ժողովի իրավասության շրջանակից։

«ԱԺ-ի ո՞ր իրավասության մեջ է մտնում եկեղեցու ներքին հարցերի քննարկումը»,- հարցրեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *