Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Փաշինյան

Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, առնվազն որոշ ժամանակ, կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք էլ, Ադրբեջանն էլ ունենք սահմանային պաշտպանություն. իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Նախ տեղանքը շատ բարդ է, երկու կողմից էլ որոնողական աշխատանքներ են տարվել մի քանի օր. դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է, հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- պատմել է Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը վստահ չի եղել, որ ադրբեջանցի զինծառայողն անցել է Հայաստանի սահմանը. «Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել։ Ոչ ադրբեջանական կողմը, ոչ մենք չգիտեինք՝ նա որտեղ է։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել է, կատարվել են որոնողական աշխատանքներ, որի ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան ծառայությունները, բայց չկար փաստ, որ զինվորն անցել էր Հայաստանի տարածք»։

Փաշինյանի խոսքով՝ այժմ իրենք գիտեն՝ որ հատվածից է ներթափանցել, բայց խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է։

Արդյո՞ք քննարկվել է դիվերսիայի վարկածը, Փաշինյանն ասել է. «Դեռ փաստ չէ, այդ զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է։ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացարգերը տեղի են ունենալու Հայաստանում»։

Հարցին՝ այսինքն՝ նա պատիժը կկրի՞ Հայաստանում, Փաշինյանն ասել է. «Այո, ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, այսինքն՝ քննություն է գնում, հիմա նա կալանքի տակ է»։

Նա նաև նշել է, որ Շաքիում ադրբեջանցի զինվորը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է։

«Նախնական տվյալներով` գնացել է այդ տուն, քնել։ Հետո տանտերերը եկել, հայտնաբերել են, և էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամենը»,– հավելել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ և՛ ադրբեջնցին, և՛ Շաքիի բնակչուհին բուժման ընթացքի մեջ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *