Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կզրկվի ռուսական գազն արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից, «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հայաստանի հետ ունենք պայմանագրաիրավական լայն բազա, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Բայց այդ դեպքում պետք է հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից մեկը գազի գինն է», – ասել է Կալուգինը։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, քանի որ այդ հնարավորությունն ամրագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում։
«Սակայն պետք է հասկանալ, թե որն է ռուսական մատակարարումների այլընտրանքը։ Մի քանի թիվ ներկայացնեմ։ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2,2-2,7 միլիարդ խորանարդ մետր։ Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքի», – նշել է դեպարտամենտի տնօրենը։