Արտաքին հետախուզության ծառայությանը թույլ կտան բյուջեի 27.2%-ը վերաբաշխել․ 804 մլն դրամի ծախսային կարիքների հիմնավորումը «հույժ գաղտնի» է

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը նախատեսում է 2026 թվականի իր բյուջետային ծրագրի շրջանակում իրականացնել 804.4 մլն դրամի վերաբաշխում։ Դրա համար կառավարությանը ներկայացված նախագծով առաջարկվում է ծառայության համար սահմանված վերաբաշխման առավելագույն շեմը բարձրացնել գործող 2%-ից մինչև 27.2%։ BanksNews.am-ը տեղեկացավ, որ նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 8-ի նիստի օրակարգում։

Արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի ծրագրի համար հաստատված ընդհանուր հատկացումը կազմում է 2.9538 մլրդ դրամ։ Գործող սահմանաչափով ծառայությունը կարող էր ծրագրի ներսում վերաբաշխել առավելագույնը 2%-ը՝ շուրջ 59.1 մլն դրամ։ Սակայն ծառայության հաշվարկներով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել 804.4 մլն դրամ, ինչը կազմում է ամբողջ ծրագրի 27.2%-ը։  Այսպիսով, սովորական սահմանաչափի համեմատ լրացուցիչ վերաբաշխման հնարավորությունը կկազմի շուրջ 745.3 մլն դրամ։

Որոշման նախագծում նշվում է, որ սահմանաչափի բարձրացման անհրաժեշտությունը պայմանավորված է տարվա ընթացքում առաջացած «լրացուցիչ և օպերատիվ արձագանք պահանջող ծախսային կարիքներով» և ծրագրի արդյունավետ իրականացմամբ։  Սակայն, թե կոնկրետ ինչ ծախսերի մասին է խոսքը, հրապարակված հիմնավորման մեջ չի բացահայտվում։ Նախագծի հիմնավորման «Անհրաժեշտությունը» բաժնում նշված է միայն՝ «Հույժ գաղտնի»։

Նախագծով նախատեսվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի պետական բյուջեի N 1237 ծրագրի գծով վերաբաշխումների առավելագույն սահմանաչափը հասցնել մինչև հաստատված հատկացումների 27.2%-ի։ Ըստ հիմնավորման՝ սա պետք է հնարավորություն տա «առավել արդյունավետ» իրականացնել ծառայության առջև դրված խնդիրները՝ պահպանելով ծրագրի նպատակային ուղղվածությունը։  Միևնույն ժամանակ որոշման ընդունումը չի ենթադրում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելացում։ Ֆինանսավորումը մնում է ծառայությանը արդեն հատկացված գումարի սահմաններում, պարզապես ընդլայնվում է դրա ներսում միջոցները տարբեր ուղղությունների միջև տեղափոխելու հնարավորությունը։ Հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալներում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։ Նախագիծը մշակել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *