
«Հրապարակի» զրուցակիցը նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն է:
– Արդեն քանի օր է՝ հանրությունը ցնցված է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան մուտք գործելու եւ հայ կնոջը հրազենով վիրավորելու փաստից: Մարդիկ կարծում են, որ այս ամենն իրավապահների թերացման արդյունքն է: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին, ո՞վ է իրավիճակի պատասխանատուն, ո՞ր կառույցը:
– Պաշտոնատար անձանց, պետական մարմիններին մեղադրելու համար պետք է ընթացակարգ անցնել, պարզել` ով է թերացել: Ոչ մի փաստական տվյալի չենք տիրապետում, բայց ամբողջ երկիրը մեղավորների փնտրտուքի մեջ է: Հասարակության համար պարզ է, որ մեղավորը պետությունն է, որովհետեւ պետությունն է անվտանգության գարանտը, իսկ հասարակությունը թքած ունի, թե որ պաշտոնատար անձի թերացման արդյունքում է այս ամենը տեղի ունեցել: Մարդկանց համար սա ընդհանուր պետական պաշտպանության խնդիր է: Երբ հասարակությունն անհանգստանում է, հակադրվում է եւ պահանջում է պատժել ինչ-որ պետական պաշտոնյայի, դա հասկանալի է, զգացմունքային ռեակցիա է: Մենք պատերազմը չավարտած ժողովուրդ ենք, եւ ամեն մի հայ շատ ծանր է տանում այս կարգի ոտնձգությունները, բայց զգացմունքային շերտը թողնենք մի կողմ, գանք անվտանգությանը վերաբերող խնդիրներին: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր բաց տեղը, որպեսզի այն կարողանանք փակել: Այս ամբողջ թոհուբոհի մեջ մենք մեր անվտանգության բացերը մոռացել ենք: Ոչ կենսունակ պետական ապարատի ցցուն դրսեւորում է սա: Մարդիկ, իրենց բանուգործը թողած, գուշակություններով են զբաղված` ինչի համար, եթե կարելի է ամեն հարցի պատասխանը տալ օրերի, գոնե ամիսների ընթացքում: Հասարակությանը պետք է բացատրել, հետո նոր անցնել մեղավորների փնտրտուքին:
– Բայց հանրության զգալի հատվածը չի հավատում իշխանության խոսքերին: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր անամոթաբար խաբում էր մարդկանց, մարդիկ հավատը կորցրել են պետական պաշտոնյաների խոսքի հանդեպ: Իսկ սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ անհանգիստ են եւ կարծում են, որ ունեն անվտանգության լրջագույն խնդիր:
– Եթե պետական մարմինների նկատմամբ չկա վստահություն, ապա կան պառլամենտական քննիչ հանձնաժողովներ, կա հասարակական քննության ինստիտուտ: Այսինքն` կան խողովակներ, որոնք կարող են բարձրացնել վստահության մակարդակը: Մենք խնդիրը չենք ախտորոշում, ուղղակի միայն դրան արձագանքում ենք: Հիմա պետք է հասկանալ` սա դիվերսա՞նտ էր՝ հատուկ պատրաստված, հատուկ նպատակներով, որպեսզի գուցե հայ-ադրբեջանական հաշտեցման հարցը մտնի փակուղի, թե՞ ինչ-որ մի զինվոր է, որին բռնաբարել են, եւ նա, դեպրեսիայի մեջ, եկել է Հայաստան` հաց ուտելու: Այսքան արյուն թափելուց հետո գոնե պետք է դուրս գանք այս մանկական, ինֆանտիլ մտածողությունից: Մենք պրոբլեմը չենք թիրախավորում, թիրախավորում ենք միայն անձերին: Տալիս ենք միայն հանգստացնող էֆեկտ: Ազատում ենք ինչ-որ պաշտոնատար անձի, բայց այդ անձը, գուցե իր կաբինետում նստած՝ ոչ մի բանից տեղյակ չի եղել: Ինչի՞ եք նրան ազատում:
– Հասարակության արդարացի զայրույթն այն է, որ ինչ-որ մի շարքային ադրբեջանցի զինվոր 3 օր շարունակ կարողացել է մոլորեցնել Հայաստանի ամբողջ իրավապահ համակարգին:
– Մենք գիտենք, որ սահմանային վերահսկման մեխանիզմները հայ-ադրբեջանական սահմանին կատարյալ չեն: Մշակված չեն, եւ մենք գիտենք, որ պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական սահմանի զգալի մասը լավ վիճակում չէ: Հասարակությունն իրավունք ունի վրդովվելու, ի վերջո, հասարակություն է, բայց հասարակական էմոցիաների վրա սխալ է պաշտոնանկություններ անելը: Պետք է ինքներս մեզ դիագնոզենք: Բայց մենք դա չենք կարողանում անել:
– Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանի վիճակը ծանր է: Նա կարող է անգամ կորցնել ոտքը: Ո՞վ է այդ ամենի պատասխանատուն: Պետք է, չէ՞, լինի պատասխանատու կառույց: Ո՞ր կառույցն է դա:
– Պատասխանատվությունը բաժանենք երկու մասի: Եթե խոսում ենք բարոյաքաղաքական պատասխանատվության մասին, ապա պատասխանատուն պետությունն է, այստեղ չկա երկրորդ կարծիք: Պետությունն է իր քաղաքացու անվտանգությունը երաշխավորողը, բայց եթե գալիս ենք իրավաբանական դաշտ, ես կասեմ, որ թիվ մեկ պատասխանատուն ադրբեջանցի դուրսպրծուկն է, որը վիրավորել է հայ կնոջը, եւ այն պաշտոնատար անձինք են, որոնց վատ աշխատանքի պատճառով առաջացել են անվտանգային սողանքներ: Ո՞նց կարելի է մեղավորության հարցի մասին խոսել՝ իրավական եւ քաղաքական հարցերն իրար խառնելով: Խառնել ենք, որ այս օրին ենք հասել: Ի վերջո, պետք է հարց բարձրացնել` այն անձանց, որոնց պաշտոնանկ արեցին, մեղավո՞ր էին, թե՞ ոչ:
– Իրավապահները` ԱԱԾ-ականները, ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանին բռնության ենթարկելով` փռեցին ասֆալտին, նկարահանեցին այդ ամենը: Ո՞ւր են այդ նույն ԱԱԾ-ականները, ինչո՞ւ ադրբեջանցուն էլ նման ձեւով բերման չեն ենթարկում: Եկել է նրանց ուժը ցույց տալու իրական ժամը, հանրության բարկությունը նաեւ հենց այս պատճառով է:
– Մենք չգիտենք, թե ադրբեջանցուն ինչպես են բերման ենթարկել: Միգուցե նրան էլ են նման ձեւով բերման ենթարկել:
– Եթե չեն նկարել, հանրությանը ցույց չեն տվել, ուրեմն միայն քաղաքական պատվերների շրջանակում են նկարահանում այդ պրոցեսները:
– Ես քաղաքական գործիչ չեմ, եթե ինձ հարցնեք` արժե՞ր այդ կադրերը հրապարակել, ես կասեի` ոչ: Ինչո՞ւ, որովհետեւ եթե նման բան անեինք, եթե ադրբեջանցուն ասֆալտափռման ժամանակ նկարեին եւ կադրերը հրապարակեին, ապա հայ գերիներին Ադրբեջանում խոշտանգելու էին եւս մի քանի անգամ: Գործ ունենք հրեշավոր պետության հետ:
– Կարծում եք` Փաշինյանի ռեժիմն այդքան մտահո՞գ է հայ ռազմագերիների ճակատագրով:
– Կասկած չունեմ, որ հայ ռազմագերիներին ավելի շատ կխոշտանգեին: Մենք ունենք անպաշտպան գերիներ, որոնց նկատմամբ իրավապաշտպան որեւէ վերահսկողություն գոյություն չունի: Մարդկանց հոշոտում են այնտեղ: