«Հրապարակ»․ Նա իմացել է, որ ականապատ չի տարածքը, դիրքապահ ու հսկողություն չկա

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեղեկացրել է Հայաստանի քննչական կոմիտեն, որտեղ Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքից հետո ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր իրենց զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով, որ նա Հայաստանի սահմանն ապօրինի հատել է եւ գտնվում է մեր տարածքում։ Երկու օր շարունակ իբրեւ թե երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ, բայց՝ ապարդյուն։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, ասում է. «Հիմա պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունն ու իշխանությանը սպասարկող հանրային գործիչների կարծիքն այսքան միանման է: Եթե ադրբեջանցին անցել է ՀՀ տարածք, դրա հետ կապված՝ սեպտեմբերի 26-ին Բաքվում միտինգներ են արել, որ զինծառայող է կորել, սակայն մինչեւ ամսի 29-ը մենք որեւէ ինֆորմացիա չունեինք, որը ենթադրում են, որ նրա՝ ՀՀ սահման մտնելու օրն է: Ո՞վ է որոշել, որ նա ամսի 29-ին է Հայաստան մտել, այլ ոչ թե ամսի 26-ին: Ստացվում է, որ նա ոչ թե երկու օր է Հայաստանում մնացել, այլ՝ հինգ: Նույնիսկ եթե վերցնենք երկու օր, այստեղ հարց է ծագում` ադրբեջանցին մտնում է ՀՀ տարածք, ենթադրվում է, որ նրան պետք է հետեւեին: Ո՞նց է ստացվում, որ նա հրաշալի գիտեր բոլոր այն տարածքները, որոնցով Ադրբեջանից կարող էր հանգիստ մտնել Հայաստան: Դրանք ականապատված տարածքներ չեն եղել: Ադրբեջանցի զինվորին որտեղի՞ց ականապատման քարտեզը: Որտեղի՞ց նա գիտեր, որ այդ տարածքներում չկան դիրքապահներ: Ստացվում է, որ այդ տարածքները ե՛ւ Ադրբեջանի կողմից էին ազատ, ե՛ւ Հայաստանի: Որտեղի՞ց է այդ զինվորն այդքան ինֆորմացված եղել: Որտեղի՞ց նրան այն տեղեկությունը, որ այդ տարածքներում համապատասխան սարքերով հսկողություն չի կատարվում: Այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կիլոմետրերով արձանագրել հակառակորդի շարժը, անգամ՝ գիշերվա ժամերին: Ներկայացնում են, որ էդ «խեղճը» Հայաստան է մտել բռնության ենթարկված վիճակում: Բռնության ենթարկված մարդն իրեն այդ ձեւով չի պահում, կարող եմ նույնիսկ ասել, թե ինչ քայլեր է կատարում: Առաջին իսկ պատահած մարդուն խնդրում է, որ իրեն ուղեկցեն իրավապահ համակարգ, որեւէ կառույց, եւ ասում է, որ ցանկանում է հանձնվել: Ինքնաձիգն էլ հեռու է դնում, ասելով` տեսեք, ես ունեմ կրակելու հնարավորություն, բայց չեմ կրակում, չունեմ ցանկություն, ես օգնություն եմ հայցում: Մենք պետք է այս ամենին գնահատականներ տանք: Չի կարելի ողջ օրը արտահանձնելուց կամ փոխանցումից խոսել: Ի՞նչ փոխանակենք, ո՞ւմ փոխանակենք: Պետք է պարզենք, թե նա ոնց է անցել սահմանը, ինչ ինֆորմացիա ուներ: Եթե մենք շարունակ խոսենք նրան հանձնելու մասին, նա ոչ մի բան չի պատմի: Իշխանության ներկայացուցիչն ասում է` չենք ասել, որ խուճապ չառաջանա, բայց գուցե էլի են զինվորներ հատել սահմանը: Այսօր էլ ասում է` եթե դիվերսիա լիներ, մեզ նախապես տեղյակ չէին պահի այդ մասին: Նույնիսկ ադրբեջանցիները տեղյակ են պահել այս մարդկանց, որ զինվոր է անցել ՀՀ սահմանը, բայց օրեր շարունակ չեն կարողացել այդ զինվորին հայտնաբերել: Ցանկացած ռազմական օպերացիայի ժամանակ կարող են դասալիքներ անցնել սահմանը, ենթադրենք՝ մի դասալիք է հատել սահմանը ու եւս չորս զինվոր: Մեկին բռնում ես, մյուս չորսը դիվերսիա են անելու, ո՞վ է դրա պատասխանը տալու: Այդ ադրբեջանցի զինծառայողն ամեն ինչ իմացել է մեր սահմանի մասին: Իմացել է, որ ականապատ չի եղել տարածքը, իմացել է, որ դիրքապահ չկա, իմացել է, որ տեխնիկա չկա: Այս ամենը չի՞ հետաքրքրում մեր իշխանությանը: Ասում ենք՝ Սյունիքով միջանցք չտանք, բայց պարզվում է, որ այդ միջանցքը լավ էլ կա: Ուղղակի մենք այդ մասին նոր ենք իմանում: Իշխանավորների ասածները եթե համադրենք, կհասկանանք, թե ինչպես են պաշտպանում ադրբեջանցուն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *