«Էլի ուզում եմ ընդգծել, որ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են: Սա նշանակում է, որ դեպի Եվրամիություն մենք նաև պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները և ոչ միայն դեպի ԵՄ, բայց կա այն փաստը, որ մեր ավիաընկերությունները այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն էլի ստանդարտ չներդնելու պատճառով: Մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո, բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, մտածել են՝ դե լավ, որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի ոլորտը պատրաստվի: Սա պատահում է խմիչքի դեպքում, սննդամթերքի դեպքում, և այլն, հետո մի օր գալիս ենք, ասում՝ բա ինչու այսպես եղավ: Մենք պետք է սահմանենք ստանդարտ, և այդ ստանդարտը լինի այնպիսին, որ հստակ լինի, և սկզբունքներն աշխատեն: Մենք ավիացիոն անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է, որովհետև, կներեք, մենք ո՛չ մեր սեփական օդանավի արտադրությունն ունենք, ո՛չ էլ գտնվում ենք ավիացիայի ակունքներում: Այդտեղ մենք մեր յուրահատկություններն ունենք և դրանցով պետք է առաջնորդվենք: Սա այն դեպքն է, որ չի ստացվի, և բոլոր-բոլոր հնարավորությունները տրվել են, և մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ, չնայած հիմա էլ ստացվում է, որ ժամանակ ենք տալիս, մտածում ենք, կգնանք կխորհրդակցենք, կգանք, բայց ես որոշում եմ կայացրել, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Մենք պետք է նոր ստանդարտով գնանք, և մենք հիմա այդ որոշումը պարզապես արձանագրում ենք նախնական»,- ասաց նա: