Տեսանկարահանվե՞լ է Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալությունը․ հարց՝ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ տեսանկարահանվե՞լ է Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության գործընթացը։

Պատգամյանը հարցրեց՝ եթե գործընթացը չի տեսանկարահանվել, ապա ինչո՞ւ, իսկ եթե նկարահանվել է՝ ինչո՞ւ տեսանյութը չի հրապարակվում։

«Երբ ազգությամբ հայի ձերբակալությունը հայտնվում է սոցիալական ցանցերում, իսկ, օրինակ, հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալության գործընթացը ամեն կերպ քողարկվում է»,- ասաց Գասպարյանը։

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ փորձել է ճշտել՝ արդյոք ձերբակալության գործընթացը տեսանկարահանվել է, թե ոչ։

«Այդ հայի, թուրքի, ադրբեջանցու հարցադրումները ինչի՞ համար են։ Մի հատ պետք է հասկանանք՝ այդ շեշտադրումներն ինչ են բերում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տեղի ունեցած դեպքը կապ չունի այն շահարկումների հետ, որոնք, ըստ նրա, այժմ շրջանառվում են տեղեկատվական դաշտում։

Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը՝ Փաշինյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ կա՞ տեսանյութ, թե՞ ոչ։ «Կճշտեմ, լրացուցիչ կասեմ»,- ասաց նա։

Գասպարյանը հորդորեց, եթե ձերբակալությունը տեսանկարահանվել է, ապա հրապարակել տեսանյութը, ինչպես արվում է հայերի ձերբակալության դեպքերում։

Փաշինյանն էլ պատասխանեց, որ գործընկերներին խնդրել է խուսափել նման կադրերի հրապարակումից՝ այդ թվում նաև հայերի ձերբակալության դեպքերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *