Ոստիկաններ և զինծառայողներ են զոհվել․ ահաբեկչություն՝ Իրանում

Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, ուժային կառույցների դեմ զինված հարձակումների շարք է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում տեղի է ունեցել երկու ահաբեկչական հարձակում, որոնց հետևանքով զոհվել են զինծառայողներ և ոստիկաններ։

Առաջին հարձակումը ուղղված է եղել Մակրանի ափին տեղակայված Իրանի բանակի 88-րդ զրահապատ դիվիզիայի անձնակազմին տեղափոխող միկրոավտոբուսի վրա։ Մեքենան զինված հարձակման է ենթարկվել Նիկշահր քաղաքի մոտակայքում, երբ զինվորները հերթափոխի էին գնում։ Ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել է մեկ զինվոր, ևս երեքը՝ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։

Կարճ ժամանակ անց զինյալները հարձակվել են Զահեդան քաղաքում իրավապահ մարմինների մեքենայի վրա։ Հարձակումը վերածվել է Իրանի ուժային կառույցների և ահաբեկչական տարրերի միջև կատաղի բախումների, որի արդյունքում զոհվել է ևս մեկ ոստիկան։

Տեղական իշխանությունները և իրավապահ մարմինները որոնումներ և հետաքննություն են անցկացնում հարձակվողներին գտնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *