Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել

Իշխանական «մտքի գոհարներն» այնքան առատ են, որ երգիծաբանները մեր ժամանակներում անելիք չունեն՝ բավական է վերցնել այդ նմուշները եւ հրապարակել։

Ամեն ինչ սկսվում է երկրի թիվ մեկ ամբիոնից, որտեղից Փաշինյանը մեծահոգաբար ազդարարում է, թե «իրական Հայաստանը» հենց այն է, ինչ մնացել է մեր ձեռքում, մեր տնօրինության տակ, իսկ պատմական հիշողությունն ու ազգային նպատակները ոչ այլ ինչ են, քան պետականության դեմ դավադրություն։ Ըստ այս տրամաբանության՝ եթե վաղը որեւէ մեկը մտնի ձեր բնակարանն ու խլի ձեր հյուրասենյակը, դուք պետք է խոնարհաբար շնորհակալություն հայտնեք նրան, որ ձեզ թույլ է տվել շահագործել ձեր բնակարանի «իրական միջանցքն ու ննջասենյակը»։ Նույն ինքնավստահությամբ էլ վարչապետը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, թե Ռուսաստանից գազի թանկացման որեւէ «ազդակ» չեն ստացել, իսկ եթե լինի, նոր կմտածեն այդ մասին։ Մինչդեռ ռուս պաշտոնյաները արդեն ամիսներ շարունակ հրապարակավ խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գնի վերանայման մասին, բայց կառավարությունը դեռ սպասում է, քանի որ դեռ «ազդակ» չի ստացել։ Երեւի «ազդակը» պետք է գազատար խողովակից դուրս գա, «կոստյումով» մտնի կառավարության շենք, մոտենա վարչապետին ու ասի․ «Բարեւ, Նիկոլ, ես ազդակն եմ»։ Այսինքն, մարդը ոչ թե կանխատեսում ու կանխում է իրադարձությունը, այլ սպասում է, թե աղետը երբ անձամբ կներկայանա իրեն՝ կմտնի իր առանձնատուն կամ կաբինետ:

Այս փիլիսոփայությունը սահուն տեղափոխվում է տնտեսություն, որտեղ նա եւ համապատասխան նախարարը չեն հոգնում հպարտանալ երկնիշ տնտեսական աճով եւ պնդել, թե ժողովուրդը երբեք այսքան լավ չի ապրել։ Խանութներում գների ամենօրյա վերելքի ֆոնին ստացվում է, որ քաղաքացին պարզապես անգրագետ է, տնտեսագիտությունից բան չի հասկանում. երբ գրպանումդ դրամ չկա, բայց թվերը թղթի վրա աճում են, դա ոչ թե աղքատություն է, այլ «ստատիստիկ երջանկություն»։ Ավելին՝ սոցիալական մաթեմատիկայի գլուխգործոց է ներկայացնում չգիտեմ ինչի նախարար Արսեն Թորոսյանը՝ ազդարարելով, որ 2027 թվականից նվազագույն թոշակը 46 հազար դրամից կդառնա «ամբողջ» 47 հազար, իսկ թաղման նպաստների կրճատումից խնայված միջոցները կուղղվեն հենց այս «թռիչքաձեւ աճին»։ Մի ձեռքով վերցնում ես, մյուսով՝ տալիս, հետո հայտարարում, թե բարեկեցությունը բարձրացել է։ Թոշակառուն, իհարկե, չհարստացավ, բայց իշխանական բառապաշարը եւս մեկ աննախադեպ մանիպուլյացիայով հարստացավ։
Իսկ եթե քաղաքային տնտեսությունն ու ենթակառուցվածքները տապալվում են, ասենք՝ Երեւանում ջուր չկա, կամ աղբը քաղաքը խեղդում է, ասպարեզ է գալիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հասկացնելով, որ մեղավորն ինքներդ եք, որովհետեւ «շատ եք լվացվում», «աղբը սխալ եք նետում»։ Ստացվում է՝ կառավարությունն ու քաղաքապետարանը հանճարեղ են, ժողովուրդն է «անորակ». եթե դադարենք ուտել, խմել, տնից դուրս գալ, բոլոր համակարգերը կաշխատեն անթերի։ Այս ամենին ներդաշնակ գումարվում են տրանսպորտային ու կայանատեղիների թանկացումները, որոնք նույն Ավինյանն ու ՔՊ-ական ավագանին ներկայացնում են որպես քաղաքացու համար արվող հոգատար քայլ. չէ՞ որ եթե տրանսպորտը թանկանա, մարդիկ ավելի շատ կքայլեն ու կառողջանան, իսկ եթե մեքենա չվարեն, խցանումները կվերանան, եւ քաղաքի օդը կմաքրվի։

Այս ահռելի, «ծանր ու ստրեսային» աշխատանքի համար էլ իշխանավորները խիստ արդարացի են համարում, որ իրենք աշխատավարձից բացի նաեւ միլիոնավոր դրամների հասնող պարգեւավճարներ են ստանում. չէ՞ որ ամբիոններից այնպիսի մտքեր արտաբերելը, որոնցից նույնիսկ բարձրախոսն է կարմրում, իսկապես ծանր հոգեկան ապրումներ է պահանջում։

Արտաքին քարոզչությունն էլ սահմաններ չի ճանաչում։ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Էդվարդ Լեյի քննադատությանն ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց, թե ՀՀ կառավարությունը եկեղեցին պաշտպանում է հենց կաթողիկոսից, նիստը նախագահողը` դեմքի զարմացած արտահայտությամբ, ստիպված եղավ ընդհատել նրան, բայց նրանց լռեցնել հնարավոր չէ։ Ծնվում է դիվանագիտության նոր ժանր. մեր պետական այրերը պաշտպանում են եկեղեցին կաթողիկոսից, կաթողիկոսին՝ եկեղեցուց։

Եվ մինչ Ստրասբուրգում համոզում էին եվրոպացիներին, Երեւանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խաղաղությունն արդեն իրականություն է, պարզապես դեռ ինստիտուցիոնալացված չէ։ Խաղաղությունը կա, մեր տանն է, հյուրասենյակում մեզ հետ սուրճ է խմում, Շաքիում փլավ է ուտում, երբեմն կրակում է մեզ վրա, բայց կա։ Իսկ 44-օրյա պատերազմի տարելիցին ուղերձ չհղելն ու Հանրայինով համերգ հեռարձակելը վարչապետը պատճառաբանում է նրանով, թե «ասելու նոր բան չկա»՝ 6 տարի ասել ենք, բավական է։ Եվ, առհասարակ` կարելի՞ է 8-10 տարի հետո համերգ լսել սեպտեմբերի 27-ին: Հարցը հիշողության մասին էր, պատասխանը՝ ապագայի հեռուստածրագրի։

Եվ որպեսզի ապագա սերունդները չհանդգնեն հարցեր տալ, Փաշինյանի հետ Ժաննա Անդրեասյանն էլ է անցնում գործի՝ «Հայոց պատմությունը» վերանվանելով «Հայաստանի պատմություն», ցեղասպանության դասերը կրճատելով, մեր պատմությունը վերաշարադրելով։ Նպատակը պարզ է. երեխաները պետք է մեծանան առանց պատմական հիշողության, չէ՞ որ, եթե չգիտես՝ ով ես եղել, ավելի հեշտ կհամակերպվես այն բանի հետ, թե քեզ ով են դարձրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *